Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց թիվ ՀՅՔՐԴ1/0046/01/08 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի` Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,5 և 7 կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Վերջիններս մեղադրվում են այն բանի համար, որ վեճի են բռնվել Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ են հասցնել վերջիններիս, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
Սույն գործը քննվում էր 3 դատավորի կազմով` նախագահությամբ Հարություն Մովսիսյանի, դատավորներ` Մարտին Սարոյանի և Արմեն Խաչատրյանի: Գործը ընդդատության կարգով Շիրակի մարզի դատարան ստացվել էր 2009թ.:
Դատաքննությանը չէին ներկայացել տուժողի իրավահաջորդները և ամբաստանյալների պաշտպանները: Սակայն ամբաստանյալները չառարկեցին դատաքննությունը շարունակել պաշտապանների բացակայությամբ: Իսկ մեղադրողը չառարկեց` առանց տուժողների իրավահաջորդների ներկայությամբ դատական նիստը շարունակելու դատարանի որոշմանը:
Դատաքննությանը չէր ներկայացել նաև մեղադրողի կողմից վկայակոչված վկան: Դատարանը վկայի վերաբերյալ հայտնեց, որ վկան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում: Մեղադրողը նշեց նաև այլ վկաների` Լ. Ավետիսյանի, Ի. Գրիգորյանի և Ա. Հարությունյանի դատարան չներկայանալու փաստը և միջնորդեց դատարանին ՀՀ Ռազմական Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման օգնությունը` որպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի, սույն քրեական գործով պարզելու վերջիններիս գտնվելու վայրը` կարևորելով նրանց հարցաքննությունը դատավարության ժամանակ, ինչպես նաև գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար:
Նախագահող դատավորը խորհրդակցեց մյուս դատավորների հետ և որոշում կայացվեց դատական նիստն հետաձգել հոկտեմբերի 30-ին ժամը 12.00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net