Ներկայումս վերաքննիչ դատարանը մեր ամենամեծ հույսն է արդարության հասնելու հարցում. Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողն ազատ արձակվեց կալանքից՝ մեղադրանքի հետ նրա առնչությունը չհիմնավորվելու հիմքով։

Ուղղակի հիացած եմ ՀՀ վերաքննիչ դատարանի և հատկապես դատավոր Ալեքսանդր Ազարյանի գործելաոճից։ Իրական Դատավորի կերպար…

Այսօր կայացրած որոշմամբ դատավոր Ա.Ազարյանը բավարարեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և հիմնավոր կասկածի բացակայության հիմքով բեկանեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Արման Կիրակոսյանին կալանավորելու վերաբերյալ և որոշեց նրան անհապաղ ազատ արձակել կալանքից։

Այս որոշման բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ Ա.Կիրակոսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Նման առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքը, սովորաբար, բավարար է լինում, որ առանց որևէ հիմնավորման անձը կալանավորվի, ինչը արեց Էջմիածնի դատարանը, չնայած, որ դատավորին մանրամասն հիմնավորում էի, որ կալանավորման հիմքեր չկան։ Նախկինում իմաստ էլ չէր լինի այս հարցով վերաքննիչ բողոք ներկայացնել, քանի որ որոշումը թողվելու էր անփոփոխ, իսկ ներկայումս վերաքննիչ դատարանը մեր ամենամեծ հույսն է արդարության հասնելու հարցում։

Շնորհակալ եմ արդար որոշման համար։

Հ.Գ. Հասկանալի է, որ քննիչը և դատախազը նույնպես քաջ գիտակցում էին, որ Արման Կիրակոսյանն անհիմն կերպով է կալանավորվում, որ դա հիմնավորող գոնե մեկ փաստական տվյալ կամ ապացույց չեն կարողանում ներկայացրել դատարան, բայց, այնուամենայնիվ, պնդում են, որ դատարանը կալանավորի անձին։ Ցավոք սրտի, նախաքննական մարմինները և դատախազները չեն ձերբազատվում այս «ամեն գնով կալանավորելու» մոլուցքից, իսկ դատարաններում էլ իրավական առումով հայտնվելով անհարմար և տհաճ վիճակում, չկարողանալով իրենց միջնորդությունը հիմնավորել, հույսները դնում են այն բանի վրա, որ դատավորը «դուխ» չի անի նման մեղադրանքի դեպքում չկալանավորել անձին։

Ցավոք սրտի Էջմիածնի դատարանի պարագայում նրանց հաշվարկները ճիշտ էին, իսկ վերաքննիչ դատարանում քննիչը և դատախազը գոնե մեկ ապացույց չկարողացան ներկայացնել ի հիմնավորումն իրենց միջնորդության։

Ինչպես վերաքննիչ դատարանն է արձանագրել իր որոշման մեջ. «Ներկայացված նյութերում բացակայում է գեթ մեկ փաստական տվյալ` վերագրվող հանցագործությունների մեղադրյալ Արման Կիրակոսյանի առնչության վերաբերյալ»։ Քննիչի և դատախազի միակ փաստարկն այն էր, որ 2 տարի չեն կարողացել գտնել հետախուզման մեջ գտնվող, սակայն ՀՀ֊ում գտնվող մեղադրյալին:

Ընդ որում, դատավոր Ա.Ազարյանն արդեն երկրորդ անգամն է սպանության փորձի մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայության հիմքով անձին ազատում կալանքից։
Նախորդ անգամ վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Ազարյանի որոշումը նույնպես քրեական հետապնդման մարմինների համար ընդունելի չէր, սակայն ի վերջո հենց իրենք սպանության փորձի մեղադրանքից հրաժարվեցին»:

Լուսանկարում՝ Ալեքսանդր Ազարյանը

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել