2007 թվականից հոկտեմբերի 10-ը յուրաքանչյուր տարի նշվում է որպես մահապատժի դեմ պայքարի միջազգային օր (World Day against the Death Penalty), որը հաստատվել է Եվրոմիության Նախարարների կոմիտեի կողմից` Մահապատժի արգելքի համաշխարհային կոալիցիայի առաջարկմամբ։ Կոալիցիան իր մեջ ներառում է ավելի քան 135 իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, փաստաբանների միավորումներ, իրավապաշտպան կառույցներ, արհմիություններ, տեղական և տարածքային կառավարման մարմիններ, որոնք համախմբվել են աշխարհը մահապատժից ազատելու համար։ Նշենք, որ Եվրոպան 1997թ-ից ԴԵ ՖԱԿՏՈ հանդիսացավ մահապատիժից ազատ տարածք: Եվրախորհուրդն այն համոզման է, որ չի կարելի մահապատիժ կիրառել, քանզի այն չարիք է. «Մահը արդարության վերահաստատում չէ»:
ա
2011թ–ին աշխարհի 20 երկրներում կախաղանի, գնադակահարության, թույնի ներարկման կամ գլխատման իրականացման են սպասել 18750 դատապարտյալներ: Միայն 2006թ-ին 25 պետություններում ավելի քան 1591 մարդ է ենթարկվել մահապատժի և 55 պետություններում ամենաքիչը 3861 մարդ` դատապարտվել մահապատժի:
2012թ-ի տվյալներով` միայն Ճապոնիայում 133 մարդ կախաղանի միջոցով դատապարտվել է մահապատժի: 2012թ-ի սեպտեմբերի 27-ին նրանցից երկուսի նկատմամբ (Սարիկո Էտա, 65 տարեկան և Յուկինորի Մացուդա, 39 տարեկան) մահապատիժն իրականացվել է, ընդ որում, վերջին 15 տարիների պատմության մեջ առաջին անգամ մահապատիժն իրականացվել է կնոջ նկատմամբ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են Ճապոնիայում իրականացված մահապատիժների կապակցությամբ և Տոկիոյից պահանջում են անհապաղ մորատորիում հայտարարել մահապատժի համար: Այս տարվա սկզբին Ճապոնիայում արդեն իսկ իրականցվել է յոթ մահապատիժ, ի տարբերություն նախորդ տարվա, երբ որևէ մահապատիժ երկրում չի իրականացվել: Այսօր «Ծագող արևի երկրում» 131 դատապարտյալ սպասում է մահապատժի իրականցմանը: Ճապոնիան մեկն է այն երկրներից, որտեղ որպես ծանր պատժատեսակ կիրառվում է կախաղանի միջոցով մահապատիժը: Դատապարտյալն իր նկատմամբ մահապատժի իրականացման մասին իմանում է դրա իրականացումից ընդամենը մի քանի ժամ առաջ, ընդ որում, լինում են դեպքեր, երբ դատապարտյալին տանում են մահապատժի իրականացման առանց նրան այդ մասին զգուշացնելու:
ա
Amnesty International-ի տվյալներով` 2011թ-ին մահապատժի դատավճիռներ կայացրած պետություններն ավելի հաճախ են մահապատիժ իրականացրել, սակայն մահապատիժը որպես բացառիկ պատժատեսակ ընդունող պետությունների ընդհանուր թիվը վերջին տասնամյակում կրճատվել է երեք անգամ: 2011թ-ին 198 պետություններից 20-ում (ընդհանուրի 10%) իրականացվել են մահապատիժներ, և մահապատժի են ենթարկվել ավելի քան 676 մարդ: Մահապատիժների մեծամասնությունն իրականացվել է Իրաքում, Իրանում, ԵՄԵՆ-ում, Չինաստանում, Սաուդիան Արաբիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում և ԱՄՆ-ում:
Չինաստանում մահապատժի են դատապարտել ավելի շատ մարդիկ, քան մնացած բոլոր երկրներում իրար հետ վերցրած: Չինաստանում իրականացված մահապատիժների թիվն անհայտ է, քանի որ այն համարվում է պետական գաղտնիք: Մերձավոր Արևելքում հաստատված մահապատիժների թիվն աճել է 50%-ով: Ասիական 14 երկրներում միասին ավելի շատ մահապատիժներ են իրականացվում, քան մահապատիժ իրականացող մնացած բոլոր պետություններում իրար հետ վերցված:
1977 թվականին վերացվեց մահապատիժը Ֆրանսիայում, 1978թ-ին` Իսպանիայում: Սկսած 1990թ-ից մահապատիժ չի իրականացվել (վերացվել է) Ադրբեջանում, Ալբանիայում, Անգոլայում, Բուլղարիայում, Հայաստանում, Հունաստանում, Վրաստանում, Իռլանդիայում, Իսպանիայում, Կանադայում, Կիպրոսում, Լիտվայում, Մոզամբիկում, Մալթայում, Մոլդովայում, Պարագվայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Թուրքմենստանում, Չեխիայում, Շվեյցարիայում, Էստոնիայում և այլ պետություններում:
ա
Խորհրդային Հայաստանում մահապատժի իրականացման հնարավորություններ վերջին տասնամյակներում չեն եղել: Մահվան դատապարտված անձանց տեղափոխում էին Ռուսաստան, մահապատիժն իրականացվում էր գնդակահարությամբ և ոչ հրապարակայնորեն: Պատժի կատարման մասին տեղյակ էր պահվում դատարանին և մահապարտի մերձավոր հարազատներից մեկին: Դիակը չէր հանձնվում հարազատներին, և թաղման վայրի մասին նրանց որևէ տեղեկություն չէր հայտնվում:
Հայաստանում, սկսած 1991 թվականից՝ ԽՍՀՄ-ի փլուզումից և ՀՀ-ի պետական անկախության ձեռքբերումից, նոր իշխանությունները մահապատժի դատավճիռների կատարման ոչ իրավական մորատորիում հայտարարեցին, սակայն դատարանները, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքով, շարունակում էին դատավճիռներ կայացնել: Մինչև մահապատժի վերացումը` ՀՀ-ում մահապատժի էին դատապարտված և իրենց վախճանին էին սպասում (մի քանիսը արդեն երկար տարիներ) 33 դատապարտյալներ:
ա
Պատժի քաղաքականությունն ու պրակտիկան բոլոր ժամանակներում ցույց են տվել, որ բացառիկ կամ ծանր պատժատեսակներն արդյունավետ չեն հանցավորության դեմ պայքարում: Առավել արդյունավետ է պատժի անխուսափելիության ապահովումը, այլ ոչ թե պատժի դաժանությունը, որը համահունչ չէ ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Դեռևս հին աշխարհի մեծ մտածող Ցիցերոնն է ասել. «Օրենքի ծայրահեղ խստությունը ծայրահեղ անարդարություն է»:
Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական սխալները անխուսափելի են նույնիսկ զարգացած դատական համակարգի համար: Ուստի դատական սխալներից երաշխավորվելը, ինչպես և ժամանակին թույլ տված սխալներն ուղղելը և հետևանքները վերացնելը ժողովրդավարության պարտադիր պայմաններից են: Մինչդեռ մահապատժի ելքով դատական սխալները անվերադարձ են և անուղղելի:
Բացառված չէ նաև մահապատժի դիտավորյալ կիրառումը քաղաքական ընդդիմախոսների կամ պետության համար անցանկալի անձանց նկատմամբ: Նման պարագաներում, որպես կանոն, զոհերին մահվան են դատապարտում անարդար դատավարությունների արդյունքում:
ա
Գտնում եմ, որ մարդու կյանքի դեմ ոտնձգությունը՝ թեկուզ «օրենքով թույլատրված ձևերով», անընդունելի է։ Նախ՝ մահապատիժը՝ որպես օրենքով սահմանված բացառիկ պատժատեսակ, իրավական չէ, քանի որ մարդու կյանքի իրավունքը անօտարելի է, «բնության կամ աստվածային պարգ»: Հետևաբար մարդու կյանքի դեմ ցանկացած ոտնձգություն, թեկուզ իր հիմքում ունենա հրաման կամ օրենքի հրահանգ, համարվում է մարդու կյանքի իրավունքի դեմ հակաիրավական գործողություն և պետք է մերժվի իր բոլոր դրսևորումներով:
Բացի այդ, պատժի խնդիրները պայմանավորված են մարդու հիմնական իրավունքների պահպանման ու հարգման նպատակով, և այդ շրջանակներում էլ նախատեսվում են օրենքով սահմանված այն սահմանափակումները, որոնք մտնում են պատժի բովանդակության մեջ՝ դարձնելով այն որոշակի ժամկետում կամ գործողությունների արդյունքում թույլ տված մեղքի դիմաց գիտակցվող փոխհատուցում: Հետևաբար մարդուն օրենքի ուժով կյանքից զրկելը չի տեղավորվում պատժի նպատակների ու խնդիրների մեջ և, իրականում, ազատում է գիտակցվող տևական փոխհատուցումից, թույլ տված մեղքի դիմաց կյանք է տրվում, հատուցումը մահվամբ է իրականացվում, որը հաճախ տեխնիկական միջոցների գործադրման արդյունքում վրա է հասնում հանկարծակի և չգիտակցված: Այս գործողությունները, բոլոր տեսանկյուններից վերլուծվելով անգամ, հավակնում են մնալ միայն սպանությունների շարքում, թեկուզ նախատեսվեն օրենքով և ընթացակարգերով: