Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օշական գյուղի բնակիչ 25-ամյա և 22-ամյա երիտասարդները Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում գտնվող բանկի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 25-ամյա համագյուղացուն:
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում Օշական գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը հուլիսի 23-ին ներկայացել է վարչություն: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: