«Սահմանադրության այս նախադասության իմաստն այն է, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է․ Մարիա Կարապետյան

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ՝ Եկեղեցին անջատ է պետությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Մեր Սահմանադրության մեջ գրված է՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Բոլոր կրոնական կազմակերպությունները։ Տարբերությունը մեծ է։

Իհարկե Հայ Առաքելական Եկեղեցին կրոնական կազմակերպություն է, սակայն ըստ մեր Սահմանադրության այն անջատ է պետությունից նույնքան, որքան Հայաստանում գրանցված մյուս կրոնական կազմակերպությունները։

Եւ ուրեմն ի՞նչ է ուզում ասել Սահմանադրությունը «անջատ» բառով բոլո’ր կրոնական կազմակերպությունների մասին։ Որ նրանք ավելի արտոնյալ են պետության հետ հարաբերություններում, քան օրինակ գիտակա՞ն կազմակերպությունները։ Որ պետությունը կարող է «խառնվել» մյուս բոլոր կազմակերպությունների գործերին, իսկ բոլոր կրոնական կազմակերպությունների գործերին չի՞ կարող «խառնվել»։ Իհարկե ոչ։

Սամանադրության այս ձևակերպման իմաստը արտոնության կամ հատուկ կարգավիճակի մասին չէ, այլ սահմանափակման՝ որևէ կրոնական կազմակերպության՝ պետության մաս կազմելու արգելքի։ Այդ ձևակերպումը արձագանք է պատմական մի իրողության, որ աշխարհում եղել են և դեռ կան կրոնապետություններ։ Մեր պետությունը այդպիսին չէ։

Այլ կերպ ասած՝ Սահմանադրության այս նախադասության իմաստը այն է, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Իսկ ոմանք այն նախ ձեւախեղել են և հետո այդ նոր տարբերակով փորձում են հիմնավորել, թե Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանի Հանրապետության մեջ սկսվող եւ դեպի Սփյուռք տարածվող մի առանձին թագավորություն է՝ իր սեփական հարկային եւ արտաքին քաղաքականությամբ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել