Արտակ Նազարյանի մայրը դատախազին` «Քեզ Բեն Լադենի տեղն ե՞ս դրել…». (Ֆոտոալբոմ)

Հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտակ Նազարյանի մահվան գործով քրեական գործի դատաքննությունը: Դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Սմբատ Սարգսյանը: Վկան դատարան էր հրավիրվել ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի միջնորդությամբ: Սարգսյանը դատարանում խոսում էր հազիվ լսելի ձայնով: Հարցերի զգալի մասին պատասխանում էր, որ չի հիշում: Դատարանում վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո վկա Սարգսյանը հայտարարեց, որ ինքը նման ցուցմունքներ չի տվել, ստորագրել է քննիչի գրածի տակ առանց տեքստը կարդալու: Մեղադրող Հարություն Հարությունյանը վկայի վրա մատ թափ տալով զգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, ինչին դատարանի դահլիճում գտնվող Արտակ Նազարյանի մայրը արձագանքեց. «Քեզ Բեն Լադենի տեղն ե՞ս դրել, վկային չահաբեկես»:

.

Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո Սմբատ Սարգսյանը չորս օր եղել է ռազմական ոստիկանությունում: Նրան երեք անգամ հարցաքննել են կալանքի տակ եղած ժամանակ: Նա նույն խցում է եղել գործով այլ վկաների հետ: Այս փաստը վկայակոչելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը իր հայտարարության մեջ նշեց, որ վկային ապօրինաբար պահելով անազատության մեջ, քննիչը ստիպել է նրան ազատության դիմաց տալ կեղծ ցուցմունքներ: Պաշտպան Հրանտ Գևորգյանը իր տարակուսանքը հայտնեց, թե ինչպես նման կարևոր վկան կարող էր դատակոչված չլինել:

.

Դատական նիստի մնացած մասը անցավ դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանը քննում էր ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր:

.

Գործի դատաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին

.

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել