Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց թրաֆիքինգի գործով մեղադրյալ Ազատուհի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ազատուհի Հայրապետյանը մեղադրվում է մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ միավորելու մեջ: Նա Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Ն.Ներսիսյանի և այլ անձանց հետ ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ և համապատասխան միջոցով 2003-2010 թթ. ընթացքում իրագործել իրենց հանցավոր մտադրությունը:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ազատուհի Հայրապետյանը, ամբաստանյալի պաշտպան Կ. Աղաջանյանը և մեղադրող Մանուկյանը: Դատարանն այսօր անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը: Եվ դատարանը, լսելով կողմերի կարծիքը, գրավոր ապացույցների հետազոտությունը անցկացրեց ըստ մեղադրական եզրակացության տվյալների: Դատարանը հետազոտելով գրավոր ապացույցները, հայտնեց կողմերին` որևէ առարկություններ կամ միջնորդություններ ունեն հետազոտված ապացույցների վերաբերյալ: Ամբաստանյալի պաշտպան Կ. Աղաջանյանը հայտարարություն արեց այն մասին, որ պաշտպանական կողմը միջնորդություն ունի անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրության վերաբերյալ, սակայն հայտարարեց, որ միջնորդություն կներկայացնի մինչև դատաքննության ավարտը: Եվ դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը, սակայն ամբաստնյալի պաշտպան Կ. Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ դեռ պատրաստ չեն ցուցմունքներ տալու և, այդ հանգամանքները հաշվի առնելով, խնդրեց դատարանից ողջամիտ ժամկետ տրամադրել:
Եվ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00-ին:
Հանրային թղթակից Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net