Իրավաբան.net-ի զրուցակիցն է փաստաբան Լուսինե Վիրաբյանը:
– Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
2016 թվականը ընդհանուր առմամբ հաջող տարի էր բոլոր առումներով: Եթե առանձնացնեմ աշխատանքային ձեռքբերումները՝ ապա հաղթանակներ արձանագրվեցին թե վարչական, թե քաղաքացիական և թե քրեական գործերով: Բնականաբար բացթողումներ եղած կլինեն, չնայած, որ փառք Աստծո այդ բացթողումները մեծ և ճակատագրական չեն եղել ոչ ոքի համար:
– Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):
– Քանի որ փաստաբանական համայնքը զարգանում և հզորանում է օր-օրի, չեմ ցանկանա իմ գործընկերներից առանձնացնել որևէ մեկին, քանզի յուրաքանչյուրիս կատարած աշխատանքը կարևոր է յուրովի, և յուրաքանչյուր դատական գործի հաղթական ավարտ՝ դա պրոֆեսիոնալիզմի արդյունք է:
– Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:
– Զավեշտալի դեպքերից հիշեմ ամենավերջինը: Դատական նիստից առաջ տուժողը մոտեցավ, և խնդրեց, որ այս նիստին գոնե ամբաստանյալին չպաշտպանեմ, այլ դրա փոխարեն տուժող կողմից մասին լավ արտահայտվեմ: Երբ բացատրեցի, որ ամբաստանյալին պաշտպանելը իմ պարտականությունն է, տուժողը պահի տակ չհասկանալով իր անմեղ ցանկության իմաստը, ասաց. «Երանի մի օր էլ ես քո պաշտպանյալը լինեմ»:
– Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
– Ցավոք սրտի, մենք՝ փաստաբաններս ժամանակի ընթացքում կորցնում ենք զարմանալու ունակությունը, սակայն ՀՀ դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ հոգ են տանում այն մասին, որ մենք չդադարենք զարմանալ ակնհայտ անհիմն դատական ակտերից:
– Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
– Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, կարծում եմ, որ յուրաքանչյուր տարեվերջին հրաշք կկատարվեր, և տարվա ընթացքում բոլորի խախտված իրավունքները Ամանորի գիշերը կվերականգնվեին: Ձմեռ պապին հետաքրքիր կլիներ տեսնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Քանի որ Ձմեռ պապին ուղղված ոչ մի նամակ և խնդրանք չի անտեսվել և անպատասխան չի թողնվել, ապա հույս ունեմ, որ գոնե այդ դեպքում Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ կընդուներ, և կկայացներ արդար որոշումներ:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
– Ամանորը և Սուրբ ծնունդը ընտանեկան տոն եմ համարում, և բնականաբար նախընտրում եմ նշել ընտանիքիս հետ: Վերջին 8 տարիների ընթացքում տոները նոր, ավելի վառ գույներ են ստացել՝ դուստրերիս շնորհիվ: Գոնե տոնական օրերին փորձում եմ մի կողմ դնել բոլոր թղթապանակները, և վայելել ընտանեկան ջերմ մթնոլորտը:
– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
– Բնականաբար որպես տան միակ կին, և 2 բալիկների մայր, ոչ միայն Ամանորին, այլ նաև առօրեայում, չնայած ծանրաբեռնված աշխատանքին, միանշանակ ժամանակ գտնում եմ խոհանոցային գործերի համար:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
– 2017-ից ակնկալիքներս շատ են թե անձնական, և թե գործնական առումներով: Կան կարևորագույն ծրագրեր, որոնք նախատեսում եմ իրագործել և ավարտին հասցնել: Հուսով եմ, որ 2017թ.-ը ամփոփելիս կիսատ մնացած ծրագրեր և նպատակներ չեմ ունենա:
– Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
– Ձմեռ պապիկից ամենակարևորը խնդրել եմ այն, ինչի արժեքը ավելի շատ հասկացանք, և ինչի կարիքը ավելի շատ ունեցանք 2016 թվականին՝ բնականաբար խաղաղություն սահմաններին և : Խնդրել եմ նաև, որ բոլորս ունենանք պողպատյա առողջություն, անսահման երջանկություն, և ժպիտը լինի ոչ միայն մեր շուրթերին, այլ նաև աչքերում և հոգիներում: Ցանկանում եմ, որ բոլորիս անգամ ամենաթաքուն պահված բարի նպատակներն ու երազանքները ի կատար ածվեն: