«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը տարեվերջին ստացավ իր 9 տարվա աշխատանքի արդյունքը: Նա պատասխանել է Իրավաբան.net–ի ամանորի բլից-հարցերին:
-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:
-2016 թվականը առանձնացավ երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումների ընդունմամբ, հակակոռուպցիոն պայքարի նոր ոգով և հակակոռուպցիոն բնույթի նշանակալից կառուցակարգեր ընդունելով:
Անհաջողությունների մասով, թեպետ, չեմ սիրում խոսել դրանց մասին, վերհիշել և վերապրել դրանք, բայց մեր երկրի անհաջողությունը դա ապրիլյան պատերազմն էր, մեր գիտակցության մեջ որպես ազգային ողբերգություն դրոշմված արյունալի իրողությունն ու առ այսօր սահմանին շարունակվող լարվածությունը:
–Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի
-Այս հարցում միանշանակ պատասխանը մեկն է ինձ համար. 9 տարվա համառ և հետևողական աշխատանքների արդյունքում 2016 թվականի վերջին աշխատանքային օրը ՀՀ նախագահը ստորագրեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքը: Սա մեր թիմի, պետության և որն ամենակարևորն է՝ հայ հասարակության համար առանցքային ձեռքբերում է: Շատերի համար, գուցե և, սա դիտվում է որպես հերթական իրավական ակտ, նույն մոտեցումը նաև առկա էր 9 տարի առաջ, երբ մենք բարձրացրեցինք դրա ընդունման հրատապության հարցը: Իհարկե, միամտություն է կարծել, որ միայն օրենքի ընդունումը բավական է, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է համալիր փոփոխություններ, որոնք կարծում եմ հասանելի կլինեն արդեն 2017 թվականին:
Փաստացի ստացվում է, որ այս օրենքի ընդունման համար ես ներդրեցի իմ կյանքի 1/3-ը (ժպտում է-հեղ.):
–Կա՞յին զավեշտալի դատական գործեր կամ իրավական ակտեր:
-Զավեշտներ իրականում շատ են լինում, այն էլ մեր մասնագիտական ոլորտում, սկսած գիտակցվածից ավարտված չգիտակցվածով: Բայց այս պահին, դժվարանում եմ կոնկրետ որևէ մեկը հիշել:
–Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Եթե ունենայի նման հնարավորություն, ապա հաշվի առնելով, որ Ձմեռ Պապը իմ պատկերացմամբ հրաշագործ է, նա կլիներ զինված ուժերի պատասխանատուն և իր մասնագիտական հրաշագործությամբ վերջ կդներ արյունահեղությանը, օր օրի աճող թշնամանքին, անմեղ զոհերի թվի մեծացմանը, թաց արցունքով Ամանորը դիմավորող ծնողների ապրումներին:
–Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ընտանիքիս հետ միասին: Միշտ կարևորել եմ ընտանիքի հետ մեկ սեղանի շուրջ նստելու կարևոր խորհուրդը:
–Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:
-Մեր երկրին խաղաղություն ու անվտանգություն: Ապրիլյան պատերազմը ուզում եմ լինի հայոց պատմության, հայ ժողովրդի վերջին պատերազմը:
–Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Այո, ընդհանարապես ստեղծագործել, առավել ևս խոհանոցում, շատ եմ սիրում: Երբեմն այնքան եմ հագեցած լինում մասնագիտական առօրյայից, որ սպասում եմ կիրակի օրվան՝ խոհանոցում փակվելու և ազատ ստեղծագործելու համար: Բայց ցավոք, այդ կիրակիները հազվադեպ են լինում:
–Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
-Ընդհանրապես Նոր տարին դա հնարավորություն է գնահատել և ամփոփել կատարված աշխատանքը, և նախանշել հաջորդ տարվա անելիքները: Ամեն տարվա նախաշեմին ակնակալիքները, իհարկե, շատ մեծ են: 2016 թվականը կարևորագույն բարեփոխումների մեկնարկի տարի էր: Ուստիև, լիահույս եմ, որ ինչպես 2017 թվականն է հանդիսանում 2016 թվականի տրամաբանական շարունակությունը, այնպես էլ այս տարին կլինի արդեն իսկ ընդունված բարեփոխումների իրականացման տարի, իսկ մեր ժողովրդին ներքին և արտաքին խաղաղություն եմ մաղթում, ինչպես նաև պարզ մարդկային երջանկություն:
Ալիսա Չիլինգարյան