Ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը կիրառել է պետք, հակառակ դեպքում՝ չի գործի. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, կողմ լինելով հանդեր ապօրինի հարստացման ինստիտուտի ներդրմանը, խիստ կասկածներ ունի դրա կիրառման մասով: Իրավաբան.net-ի հետ զրույցում պարոն Վարոսյանը նշեց. «Կարծում եմ՝ հերթական գործ ենք ունենալու իմիտացիոն գործընթացների հետ, հատկապես արտաքին դոնորներին ներկայացնելու համար, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար է մղվում»,- միաժամանակ նա թերահավատ է նաև այն հարցում, որ ապօրինի հարստացման քրեականացումը հանգեցնելու է անհիմն հարստացած պաշտոնյաների պատասխանատվության. «Իմ համոզմամբ՝ սա հանգեցնելու է հայտարարագրվող եկամուտներում խնդիրների, այսինքն՝ չի ներկայացվելու այն գույքը, եկամուտը, որ հիմնականում պաշտոնյան ստանում է»:

Փաստաբանը, որպես հակափաստարկ բերում է նաև ներկայիս իրավիճակը՝ ասելով. «Եթե ռեալ ցանկություն լինել պաշտոնյաների ապօրինի հարստացման դեմ պայքարելու, ապա որոշակի նման հնարավորություն տալիս է գործող օրենսդրությունը, պաշտոնական դիրքի չարաշահում և այլն, ամեն ինչ քրեականացված է, բայց ես փորձերը չեմ տեսնում, եթե ես տեսնեմ այդ փորձերն ու հասկանամ, որ իրավապահ մարմիններին որևէ բան խանգարում է ու քրեականացված չէ ապօրինի հարստացումը, ուստի կա դրա անհրաժեշտությունը»:

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը շեշտում է, այո, ապօրինի հարստացման գաղափարը լավն է ու ընդունելի, լծակները պետք են, սակայն առավել քան կարևոր է դրանց կիրառման ապահովումը. «Ինձ թվում է, որ ինչպես առկա լծակները պատշաճ չեն օգտագործվում, ստեղծվելիք լծակներն էլ ցավոք սրտի պատշաճ չի օգտագործվի, թե չէ ինքնին մի լծակ ավելանալը վատ չէ, ամեն դեպքում, պարզապես կիրառել է պետք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել