Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրով ձեռք է բերել հացամաններ և կարագամաններ՝ վճարելով բավականին մեծ գումար՝ 19 միլիոն 520 հազար դրամ:
Իրավաբան.net-ը գնման փաստաթղթից տեղեկանում է, որ նախարարությունը գնել է 8000 հատ հացաման և 4000 հատ կարագաման «Հրայր Մանուկյան» ԱՁ-ից՝ վճարելով համապատասխանաբար 14.72 միլիոն դրամ և 4.8 միլիոն դրամ: Այսինքն 1 հացամանը արժեցել է 1840 դրամ, իսկ 1 կարագամանը՝ 1200 դրամ:
Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ պոլիպռոպիլենե հացամանը բաց շականակագույն, օվալաձև է, հիմքի երկարությունը 480մմ +/-5մմ է, լայնությունը՝ 180մմ +/-5մմ, խորությունը՝ 28-30մմ, հաստությունը՝ ոչ պակաս 3,5մմ: Իսկ պոլիպռոպիլենե կարագամանը բաց շականակագույն է, օվալաձև, հիմքի երկարությունը 160-165մմ է, լայնությունը՝ 100-105մմ, խորությունը՝ 20-25մմ, հաստությունը 2,8-3,2մմ:
Կարագամաններն ու հացամանները փաթեթավորված պետք է լինեն ստվարաթղթե արկղում՝ 30 հատով: Արկղի պիտակի վրա պետք է մակնշված լինի՝ արտադրված է ՀՀ ՊՆ կարիքների համար, վաճառքի ենթակա չէ, մատակարար կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, մատակարարման ամիսը և տարին:
Նշվում է նաև, որ պայմանագրին կցվում են նաև հավելվածներ, որոնցում ներկայացված է գծագիրը, սակայն ինչպես փորձն է ցույց տալիս, Gnumner.am կայքում ոչ բոլոր փաստաթղթերն են հրապարակվում գնումների վերաբերյալ, և այս դեպքում էլ ներկայացված չեն այդ փաստաթղթերը:
Ինչևէ, թեև տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ տարրաները բավականին մեծ են, սակայն, այնուամենայնիվ, անհասկանալի է բավականին բարձր գինը: Օրինակ, երևանյան հայտնի սուպերմակերտներից մեկում հացամանների գները տատանվում են 400 դրամից մինչև 1200 դրամի սահմաններում: Եվ անհասկանալի է, թե այդ ինչ հացաման է, որն արժե 1840 դրամ:
Ի դեպ, գնման փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ ի սկզբանե նախարարությանը ներկայացվել են ավելի թանկ գներ, օրինակ՝ 1 հացամանի արժեքը 2000 դրամ, իսկ կարագամանինը՝ 1400 դրամ, սակայն վերջնական պայմանագիրը կնքվել է ավելի մատչելի գնով:
Այս գործարքը հետաքրքիր է նաև նրանով, որ մատակարար «Հրայր Մանուկյան» ԱՁ-ն գրանցված է ԼՂՀ-ում, նշված է հասցե, սակայն չկա որևէ հեռախոսահամար: Տնտեսական հարցերով փորձագետ Արտակ Մանուկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ ԼՂՀ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալները մատչելի չեն և կանգնում ես պատի առջև, երբ փորձում ես հասկանալ, թե ովքեր են մատակարարների իրական սեփականատերերը: Մինչդեռ, պետական գնումների ոլորտի մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ ԼՂՀ-ում գրանցված բավականին մեծ թվով ընկերություններ մասնակցում և հաղթում են ՀՀ պետական մարմինների կողմից հայտարարված գնման մրցույթներին:
«Այս խնդիրը լուծելու համար կարծում եմ մեծ բարդություն չկա, պետք է նույն սկզբունքները գործեն ԼՂՀ ընկերությունների դեպքում, ինչպես ՀՀ-ում է՝ e-register.am համակարգը: Որպեսզի մենք հասկանանք, թե ովքեր են նաև դրանց հետևում կանգնած, կամ փոխկապակցվածություն առկա է, թե՝ ոչ, առնվազն ցանկալի է, որ այս տվյալները ևս հասանելի լինեն»,- ասաց Ա. Մանուկյանը:
Աստղիկ Կարապետյան