Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանը «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանին դատապարտեց 4 ամիս ազատազրկման և 200.000 ՀՀ դրամ տուգանքի՝ ազատազրկման ամսաթիվ հաշվելով հուլիսի 1-ը:
Պատիժ նշանակելիս՝ դատարանը հաշվի էր առել նախկինում հանցագործություններ կատարած չլինելու փաստը, այն հանգամանքը, որ նրա խնամքին կան անչափահաս երեխաներ և իհարկե, այն իրողությունը, որ ամբաստանյալը ընդունել էր իր մեղավորությունը, ինչը պատիժը մեղմացնող հանգամանք է:
Դատավորը հայտարարեց, որ Վարդան Սամվելյանի նկատմամբ նշանակված խափանման միջոցը կմնա ամփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ նա մեղադրվում էր ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր փոխադրելու մեջ: Մասնավորապես՝ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, 2005-2008 ընթացքում ծառայելով ՀՀ ՊՆ N զորամասում որպես գումարտակի հրամանատար, Տավուշի մարզի սահմանամերձ տարածքից գտնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակահատվածից մնացած ռազմթերք հանդիսացող 40 հատ 9 մմ տրամաչափի «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության /9. 18 ՊՄ/ փամփուշտներ, «Ջ-1» տեսակի մարտական, հարձակողական, ձեռքի բեկորային նռնակ իր պայթուցիչով, «Զ-1» տեսակի ձեռքի նռնակի համար նախատեսված պայթուցիչ, 3 հատ գործարանային արտադրության 400գ տրոտիլային գլանակներ, 2 հատ գործարանային արտադրության 200գ տրոտիլային գլանակներ, 8 հատ «ԿԴ-8Ա» տեսակի գործարանային արտադրության կապսուլ-դետոնատոր և «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լար, դրանք ապօրինի տեղափոխել Երևան քաղաքի Խորենացի 49 շենքի բակում գտնվող, իրեն օգտագործման իրավունքով պատկանող թիվ 119 ավտոտնակ և ապօրինի պահել այնտեղ:Նույն վայրում պահել է նաև ավտոնոմ հոսանք ստանալու համար նախատեսված «ПЗУ -5М» տեսակի շարժական լիցքավորման սարք և սառը շեղբավոր զենք հանդիսացող «SWFL2C» մոդելի ծալովի դանակ: 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում թիվ 119 ավտոտնակից վերցրել է վերը նշված զինամթերքը, սարքը, սառը զենքը և դրանք ապօրինի փոխադրել Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով: Այս կարգով գործի քննություն իրականացվում է այն դեպքում, երբ ամբաստայալն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net