Կարևոր է իմանալ հարկադիր կատարման մասին հետևյալը

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:

Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել