Երիտասարդները որոշել են կոռուպցիայի հանդեպ քաղաքացիական անհնազանդություն դրսևորել

Հայաստանում ջրային պաշարների սղության, տրանսպորտային և կրթական խնդիրներ. «Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագրի մասնակիցները այսօր ներկայացրեցին իրենց գաղափարները, որոնք պետք է բոլորի կողմից հավանության արժանանան ու մշակվեն:

Երեք տասնյակ երիտասարդներ բաժանվել էին 8 խմբերի և ներկայացնում էին իրենց ծրագրերը: Խմբերից մեկն իր ծրագիրն անվանել էր «Սովորիր այսօր, նվաճիր վաղը», երիտասարդները փորձելու են բարձրացնել մարզաբնակ երիտասարդների իրազեկության մակարդակը՝ արտասահմանյան բուհերում սովորելու հնարավորությունների մասին, այս խումբը մտադրություն ունի տարբեր մարզերից 4 համայնքների շուրջ 100 երիտասարդների իրազեկել նման ծրագրերի վերաբերյալ:

Լեռնահովիտ գյուղի երկու բնակչուհիները ցանկանում են իրենց գյուղում կոտրել կարծրատիպերն ու գենդերային անհավասարությանը վերջ տալ: Նրանք ասում են, որ այն սկսվում  է դպրոցից, որտեղ տղաներն ավելի խելացի են համարվում, նրանք կարող են ազատորեն գնալ գյուղի այգի, իսկ աղջիկները՝ ոչ, մշակութային օջախներն էլ վերածվում են տղաների համար հավաքվելու վայրերի:

Երիտասարդ աղջիկներն առաջարկեցին այս կարծրատիպերը կոտրելու համար գյուղում նոր այգի հիմնել  ու այն անվանել գենդերային հավասարության այգի, կազմակերպիչները նրանց առաջարկեցին առավել խորությամբ խնդիրն ուսումնասիրել և նախ և առաջ փոխել մարդկանց մտածողությունը:

Հաջորդ ներկայացումը վերաբերում էր մեր երկրի ջրային պաշարների խնդրին: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կես լիտրանոց շշով խմելու ջուրը խանութում վաճառվում է 5000 ՀՀ դրամով, այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդպես ստացվեց: Ուսանողուհի Սաթենիկ Մկրտչյանը և իր ընկերները գիտեն պատասխանը. «Այն բավականին պարզ է, որովհետև բոլորս էլ շարժվում ենք այն գաղափարով, թե մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, մնում է այդ ջրհեղեղի համար էլ ջուր լինի»,- կատակում է երիտասարդը:

Այս խումբը ուսումնասիրել էր ողջ երկրագնդում, ինչպես նաև Հայաստանում ջրային պաշարների վերաբերյալ զեկույցներն ու պնդում են՝ ջուրը պետք է արդյունավետ օգտագործել: Ուստի նրանք նպատակադրված են իրազեկող միջոցառումներ իրականացնել հանրության շրջանում:

Հիշեցնենք՝ «Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագիրը քաղաքացիական գրագիտության և արժեքների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված տասը ամիս տևողությամբ նախագիծ է, որի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել քաղաքացիական գիտակցության մակարդակը՝ տալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում զարգացնելու  իրենց գիտելիքներն ու կարողությունները հասարակական կարևորություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առաջնորդությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական կրթությունն ու հանրային արդյունավետ կառավարումը, կամավորությունը և այլն:

Այսօր մասնակիցները պետք է 8 գաղափարներից 5-ին հավանություն տային, բոլորին բաժանվեցին քվեաթերթիկներ, արդյունքում առանձնացվեցին այդ ծրագրերը՝ «Խմելու ջրի անարդյունավետ օգտագործում», «Չինարի և Այգեձոր սահմանամերձ համայնքների տրանսպորտի խնդրի լուծում», «Դիլիջան համայնքի քաղաքային գրադարանի խնդրի լուծում», «Կոռուպցիայի հանդեպ քաղաքացիական անհնազանդության բարձրացում» և «Երիտասարդների մասնագիտական արդյունավետ կողմնորոշում»:

Այս ցանկում չընդգրկվեց Ֆրից Հարությունյանի և նրա ընկերների կազմած ծրագիրը: Երիտասարդը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղից է, նա ասում է, որ իր համայնքում կանգառներ չկան. «Եղել են դեպքեր, երբ երթուղայինին սպասելիս ես մնացել եմ անձրևի և ձյան տակ, շատերի հետ է այդպես պատահում»,- փոխանցեց երիտասարդը, ով նպատակ ունի կանգառներ կառուցել իր համայնքում: Չնայած որ Ֆրիցի և նրա ընկերների նախագիծը նախնական հավանության չարժանացավ, սակայն նա խոստովանեց, որ չի հուսահատվելու, պայքարելու է, որ ի վերջո գյուղը կանգառ ունենա:

Նախնական ընտրված 5 ծրագրերը դեռ պետք է լրջորեն մշակվեն, որպեսզի հետագայում ԱՄՆ դեսպանատան միջոցով իրականացվեն:

Կարդացեք նաև՝ «Ամեն ինչ խարսխվում է  արժեքային համակարգի վրա». ի՞նչ են ուզում փոխել «Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագրի մասնակիցները

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ