Խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվողը չի ընդունում իր մեղքը

Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Լ.Աթանյանի նախագահությամբ կայացավ թիվ ՍԴ/0212/01/02 գործի հերթական դատական նիստը: Ամբաստանյալ Տիգրան Լևոնյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ձեռք է բերել և պահել խոշոր չափի թմրամիջոց:

.
Դատական նիստը բացվելուց հետո նախագահողը հայտարարեց դատարանի կազմը և կողմերին: Հայտարարվեց, որ մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Նազարպուրը, ամբաստանյալ Տիգրան Լևոնյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Ղազարյանը:

.
Դատարանի կողմից կողմերին ներկայացվեցին իրենց իրավունքներն ու պարտականությունները, պարզաբանվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ, 91-րդ, 93-րդ և 95-րդ հոդվածները: Ամբաստանյալ Տ.Լևոնյանին ներկայացվեց պաշտպանության իր իրավունքը. քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի` մեղադրյալն իրավունք ունի իմանալ, թե ինչում է մեղադրվում, մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն:

.
Միջնորդություն ներկայացվեց պաշտպան Ռ. Ղազարյանի կողմից այն մասին, որ այն տարածքը, որտեղ հայտնաբերվել է թմրանյութը, բնակելի տարածք չէ և նախքան խուզարկությունը Տիգրան Լևոնյանի թույլտվությամբ այդ տարածքում անց են կացվել երկու բազմամարդ միջոցառում, ինչի մասին կան գրավոր հայտարարություններ քաղաքացիներ Բախշյանի և Խաչատրյանի կողմից:

.
Մեղադրող Ս. Նազարպուրը համարեց, որ միջնորդության բովանդակությունը պարզ չէ և այն քրեական գործին կցելու կարիք չկա: Դատավորը մերժեց միջնորդությունը ոչ ժամանակին ներկայացնելու պատճառով: Վկաներից ներկա էր միայն Տիգրան Լևոնյանի անչափահաս որդի, Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Լևոն Լևոնյանը: Վկաների բացակայության հանգամանքը հաշվի առնելով` դատավորը ճշտեց կողմերի հետ շարունակել, թե հետաձգել դատական նիստը:

.
Որոշվեց հարցաքննել ամբաստանյալին, ապա` միակ ներկա վկային: Դատավորն ամբաստանյալ Լևոնյանին պարզաբանեց նրան ներկայացված մեղադրանքի էությունը, հարցրեց, թե արդյոք նա իրեն մեղավոր է ճանաչում, ամբաստանյալը կաշկանդված չէ նախաքննության ընթացքում մեղքն ընդունելու կամ չընդունելու հայտարարությամբ, պարտավոր չէ պատասխանել առաջադրված հարցերին և հարցերին պատասխանելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:

.
Ամբաստանյալը չընդունեց մեղքը: Պաշտպան Ռ. Ղազարյանի կողմից միջնորդություն արվեց հինգ րոպեանոց ընդմիջման մասին ամբաստանյալի դիրքորոշումը ճշտելու նպատակով: Ընդմիջումից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ օգտվելով իր իրավունքներից, հրաժարվում է ցուցմունք տալուց:

.
Ցուցմունք տալուց հրաժարվեց նաև վկա Լևոն Լևոնյանը: Կարևորելով վկաների մասնակցությունը դատական գործի հետագա ընթացքի համար` չներկայացած վկաների վերաբերյալ կայացվեց բերման որոշում:

.
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 16-ին, ժ.12:00-ին:

.
Հանրային թղթակից` Հասմիկ Ասատրյան
Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել