ՀՀ կառավարության նպատակն է ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, արդար համակարգում ապրելը ապագայի հանդեպ վստահությունը: Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց. «Կառավարության խնդիրն է վեր հանել դրանց հասնելու խոչընդոտներն ու արդյունավետ լուծում տալ: Այսօր արդեն կառավարության առջև դրված է պահանջ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսական վիճակի հստակ ախտորոշում, առաջարկել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր»,- իսկ երակարաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակով, վարչապետի խոսքերով, ՀՀ կառավարության ներքո ձևավորվելու է ռազմավարությունների ձևավորման կենտրոն:
Կարեն Կարապետյանի փոխանցմամբ՝ գործադիրի համար առաջնային խնդիր է Հայաստանի և Արցախի պաշտպանության ու անվտանգության հարցը, օրվա հրամակայականն է ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող և հասարակության վստահությունը վայելող բանակ. «Անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի ջանք ՀՀ և արցախի սպառնալիքները չեզոքացնելու համար»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:
Հաջորդ խնդիրը՝ ՀՀ սահմանադրության կենսագործունեությունն է, քաղաքական ինստիտուտների զարգացումը. «Առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիներ վստահության ամրապնդման, առանց քաղաքացիների մասնակցության մենք չենք կարող ապահովել արդյունքներ»:
«Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից»,- ասում է վարչապետը: Նրա խոսքերով պետք է նոր շունչ հաղորդվի պետական կառավարման և ՏԻՄ համակարգերին. «Մենք պետք է հասնենք նրան, որ նվազագույն ծախսերով ապահովեն առավելագույն արդյունքներ»:
Գործադիրի համար կարևորագույն խնդիր է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը. «Առաջնային պայմանը կոռուպցիայից զերծ մնալն է: Ես վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները»:
Բացի այդ, առանցքային է նաև գործադիրի անդամների իրավասությունների հավասարակշռված բարձրացումը, ինչպես նաև քաղաքացիների հետ շփումը. «Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը դարձնել առարկայական, քիչ բյուրոկրատական, պարզ ու հասցեական: Հնարավորինս պարզեցնելու ենք քաղաքացիներին ու տնտեսվարող սուբյեկտներին ծառայությունների մատուցելու սկզբունքները: Պետական կառավարման մարմինները պետք է շարունակաբար մոնիթորինգի ենթարկեն՝ թե ավելորդ գործառույթները, ՊՈԱԿ-ները և այլ համակարգերը, ինչով են այս նպատակին խոչընդոտում»:
Վարչապետն ասում է. «Պետական կառավարման մարմինները քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններ, եթե դրանք արդյունավետ չեն, թանկարժեք են, դրանք պետք է վերանան և փոխակերպվեն: Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի, կարևոր է, որ մենք հիշենք՝ նրանք քաղաքացիներին ծառայություն մատուցող են»:
Ըստ Կարեն Կարապետյանի՝ գործադիրը բազմաթիվ ծրագրեր վերանայելու ու վերաիմաստավորելու կարիք ունի:
Նպատակներից մեկը նաև գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է, որին կառավարության ծրագրով նախատեսվում է հասնել պետական գնումների կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե կառավարության ծրագիրը սևեռված է տնտեսական միջոցների վրա: Դիմելով խորհրդարանի անդամներին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ գործադիրը նաև ծրագրեր է ներկայացրել մյուս ոլորտներում:
«Մենք ունենք ժողովրդին մեր ձեռքբերումներն ու թերացումները ճշմարտորեն ներկայացնելու ձեր կարիքը»,- դիմելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ասաց վարչապետը. «Ես վստահ եմ, որ միասնաբար և համախմված կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ»,- նշեց վարչապետը:
Կարդացեք նաև՝ Գործադիրի ծրագրում պետք է հստակ արտացոլվի հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը. Կարեն Զադոյան