Դեռևս նախորդ տարի Իրավաբան.net-ը գրել էր պետության կողմից կատարված ռիսկային գործարքների մասին, երբ կառավարությունը պետական ծառայողների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով պետական 6 հիմնարկի հատկացրել էր 755 միլիոն դրամ:
Հատկացված այս գումարով գլխավոր դատախազությունը «Միկմետալ» ընկերությունից գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար գնել էր 118.55 քմ ընդհանուր մակերեսով Ադոնցի 8 հասցեի 86 բնակարանը, վճարելով` 31.5 միլիոն դրամ:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել աշխատակիցները, որոնց համար բնակարաններ են գնվել, դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից հետևյալ պատասխանն էր ստացվել. «ՀՀ գլխավոր դատախազության նշված աշխատակիցները բնակվել են վարձակալությամբ և սեփականության իրավունքով չեն ունեցել բնակարաններ»: Մինչդեռ, Էմիլ Բաբայանը 2013-ին պաշտոնը ստանձնելու պահին բնակարան է հայտարարագրել:
Մենք անդրադարձել էինք նաև հարցի մյուս կարևոագույն կողմին՝ ի՞նչ աշխատանքի կամ ծառայությունների համար է Էմիլ Բաբայանը նման թանկ նվերի արժանացել: Բնակարանը նա ստացել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց ընդամենը մեկ տարի հետո, այսինքն՝ համակարգում երկարատև աշխատանքի ստաժ չի ունեցել:
Իսկ այսօր առավոտյան տեղեկացանք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Էմիլ Բաբայանն ազատվել է այս պաշտոնից: Այսինքն, դատախազական համակարգում մինչ այս պահը նա աշխատել է ուղիղ 3 տարի. պաշտոնը ստանձնել է 2013-ի հոկտեմբերի 17-ին, պաշտոնից ազատվել է 2016-ի հոկտեմբերի 18-ին:
Եվ արդյո՞ք ընդունելի է պետական միջոցներից թանկարժեք նվիրատվություններ անել համակարգի «հոսող» կադրերին, եթե միևնույն ժամանակ կան այդ նույն համակարգում մեծ ներդրում ունեցող և դրա կարիքն իսկապես ունեցող այլ մասնագետներ: