2012 թվականից մայրաքաղաքում տեղադրվում են «Երևան» ծուլվածքով նստարաններ և նմանատիպ դիզայնով աղբամաններ: Թեև քաղաքացիներն, ընդհանուր առմամբ, գոհ են քաղաքում բազմաթիվ նստարանների առկայությունից, սակայն միևնույն ժամանակ, տարիներ շարունակ բարձրաձայնվում է դրանց բավականին բարձր գների մասին:
Այսպես, համաձայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, 2012-2015 թվականներին Երևանում տեղադրվել է 2900 նստարան: Իսկ այս տարի ձեռք է բերվել ևս 450-ը: Մասնավորապես, այս տարվա հուլիսի 17-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ և միայն նստարանների համար վճարել է 74 միլիոն 250 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար վճարվել է 165 հազար դրամ: Նախորդ տարիներին նույնպես այս գնով են ձեռքբերվել նստարանները: Եվ կարող ենք ասել, որ 2012-2016 թվականների ընթացքում քաղաքապետարանը միայն նստարանների ձեռքբերման համար վճարել է 552 միլիոն 750 հազար դրամ կամ 1 միլիոն 151 հազար դոլար:
Այն, որ բավականին թանկ են գնվում նստարանները, կարելի է նկատել պարզ համեմատության ժամանակ: Օրինակ, hayneedle.com կայքում 223 դոլարով կամ շուրջ 100 հազար դրամով վաճառվում են նմանատիպ նստարաններ: Եվ, իհարկե, պետք է հաշվի առնել, որ, սովորաբար, մեծաքանակ գնման դեպքում զեղչեր կարող են լինել: Ի դեպ, կան նաև նմանատիպ, նույն որակներով ավելի էժան նստարաններ:
Սակայն միայն նստարաններ գնելով հարցը չի փակվում: Պետք է նաև անհրաժեշտության դեպքում վերանորոգել արդեն իսկ տեղադրվածները: Հուլիսի 27-ին քաղաքապետարանը մեկ այլ պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ՝ նստարանների մասնակի վերանորոգման համար վճարելով 6.24 միլիոն դրամ, իսկ ամբողջական նորոգման համար՝ 6.34 միլիոն դրամ:
Երևանի քաղաքապետարանը նաև մեծ գումարներ է ծախսում աղբամանների ձեռքբերման ու դրանց վերանորոգման համար: Մասնավորապես, այս տարվա հուլիսի 13-ին կնքված պայմանագրով «Նիկոլ Դուման» ընկերությունից ձեռք է բերվել 300 հատ մեծ և 310 հատ փոքր աղբամաններ՝ համապատասխանաբար՝ 23.4 միլիոն և 22.3 միլիոն դրամով: Այսինքն՝ մեկ մեծ աղբամանի գինը 78 հազար դրամ է, փոքրինը՝ 72 հազար դրամ:
Իսկ հուլիսի 27-ին կնքված պայմանագրով՝ 6.12 միլիոն դրամ հատկացվել է աղբամանների մասնակի նորոգմանը, 6.3 միլիոն դրամ՝ ամբողջական վերանորոգմանը:
Այսպես, 2016 թվականին պետական բյուջեից 144.5 միլիոն դրամ կամ շուրջ 300 հազար դոլար է ծախսվել նստարանների ու աղբամանների ձեռքբերման և վերանորոգման համար:
Եվ, հետաքրքիրն այն է, որ այս բոլոր գնումները կատարվում են միայն «Նիկոլ Դուման» ԱԿ-ից, թեև բաց ընթացակարգով կատարվող գնման մրցույթին հայտ են ներկայացնում նաև այլ ընկերություններ:
Աստղիկ Կարապետյան