Գագիկ Խաչատրյանի կարողությունը՝ պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու պահին

Հայաստանյան կառավարության ֆինանսական դաշտում երկար տարիներ մեծ դեր ունեցող Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ազատվեց ֆինանսների նախարարի պաշտոնից: Մինչ այս՝ 2008 թվականից մինչև 2014 թվականը նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր:

2011 թվականի իր տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանն ունեցել է 278 միլիոն դրամ և 2.98 միլիոն դոլար խնայողություն: Իսկ նրա աշխատավարձը կազմել է 8.46 միլիոն դրամ, այսինքն՝ իր դրամային խնայողության շուրջ 3 տոկոսը:

2012-ի ընթացքում նրա խնայողությունները կազմել են 279 միլիոն դրամ և 2.98 միլիոն դոլար: Եկամուտը՝ 8.29 միլիոն դրամ:  2013-ի վերջում նրա խնայողությունները որոշակիորեն նվազել են՝ 272 միլիոն դրամ և 2.97 միլիոն դոլար, եկամուտը կազմել է 8.21 միլիոն դրամ:

2014 թվականի տարեկան հայտարագրում Գագիկ Խաչատրյանը «աննկատ» թաքցրել է 1 միլիոն դոլարը և 3 միլիոն դրամը: Այսպես, ինչպես նշեցինք, 2013-ի վերջին նրա դոլարային խնայողությունը կազմել է 2.97 միլիոն, իսկ ահա 2014-ի սկզբին այն «դարձել» է 1.97 միլիոն դոլար: 2013-ի վերջին դրամային խնայողությունները կազմել են 272 միլիոն, իսկ 2014-ի սկզբին՝ 269 միլիոն դրամ:

2014-ի վերջին նրա հայտարարագրած խնայողությունները կազմել են 215 միլիոն դրամ և 1.87 միլիոն դոլար:

2015 թվականի տարեկան հայտարարագրից միայն ենթադրելի է դառնում, թե ու՞ր էր անհետացել 1 միլիոն դոլարը: Պարզվում է այն 2015 թվականի սկզբին արդեն իսկ փոխառությամբ է տրված եղել: Այս տարվա ընթացքում նա ևս շուրջ 56 հազար դոլար է փոխառությամբ հանձնել: Եվ տարեվերջին ունեցել 1 միլիոն 56 հազար դոլար փոխառությամբ հանձնված գումար:

Այս տարվա ավարտին նրա խանյողությունները կազմել են 67.8 միլիոն դրամ, որից 56.4 միլիոնը ստացվել է փոխառությամբ տրված տոկոսագումարներից, իսկ 11.4 միլիոնը՝ աշխատավարձից:

Ինչևէ, կարող ենք փաստել, որ 2014 թվականին Գ. Խաչատրյանը հստակ չի ներկայացրել 1 միլիոն դրամի առկայությունը՝ որպես խնայողություն կամ փոխառությամբ հանձնված գումար: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2014 թվականին է փոխառությամբ հանձնել այդ գումարը, հետևաբար կարող ենք ենթադրել նաև, որ  թաքցրել է նաև դրանից ստացված տոկոսագումարների չափը, այսինքն՝ իր եկամտի մի մասը:

Գագիկ Խաչատրյանի կնոջ կարողությունը

Պարզվում է իր ամուսնուն գրեթե չի զիջում Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը: 2011 թվականին նա ունեցել է 188 միլիոն դրամ և 2.76 միլիոն դոլար: Իսկ եկամուտը, որը ստացվել է բացառապես աշխատավարձից, կազմել է 672 հազար դրամ: 2012, 2013 թվականներին էական փոփոխություններ չեն եղել նրա խնայողությունների և եկամտի չափերի մեջ:

2014 թվականին սակայն Լաուրա Եփրեմյանը խոշոր գործարքներ է կատարել: 43 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան՝ բազմաբնակարան շենքում, և փոխառությամբ հանձնել է 2 միլիոն դոլարը: Այս տարվա վերջում նրա խնայողությունները կազմել են 72 միլիոն դրամ և 728 հազար դոլար: Իսկ եկամուտը եղել է 1.85 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

2015 թվականին նա ևս 112 հազար դոլար է տվել փոխառությամբ և տարեվերջին ունեցել է 2 միլիոն 112 հազար դոլար փոխառությամբ տրված գումար: Նաև ունեցել է 72 միլիոն դրամ և 788 հազար դոլար խնայողություն, և 115.43 միլիոն դրամի եկամուտ, որից 112.75 միլիոն դրամը ստացվել է փոխառությամբ տրված գումարից, իսկ 2.68 միլիոն դրամը՝ աշխատավարձից:

Գագիկ Խաչատրյանի գույքը՝ պաշտոնը ստանձնելիս և դադարեցնելիս

2014 թվականին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելիս Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է.

  • 5 հատ բազմամյա տնկի,
  • Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • 2 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 1 միլիոն դոլար՝ փոխառությամբ տրված գումար,
  • 269 միլիոն դրամ,
  • 1.97 միլիոն դոլար,
  • 11 միլիոն դրամ եկամուտ:

2016 թվականին ֆինանսների նախարարի պաշտոնը դադարեցնելու պահին Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է.

  • 1 միլիոն 29 հազար դոլար՝ փոխառությամբ տրված գումար,
  • 201 միլիոն դրամ,
  • 1.94 միլիոն դոլար,
  • 11.15 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 67 հազար դոլար՝ ստացված փոխառությամբ հանձնված գումարի տոկոսադրույքներից:

2014 թվականից ի վեր լրացված հայտարարագրերում չկա որևէ տեղեկություն այդ տարի ներկայացված տնկիների, բնակարանների և առանձնատան վերաբերյալ, և անհասականալի է, թե ինչ ճակատագրի են արժանացել դրանք:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ