Սամվել Ալեքսանյանի և ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու Վարդգես Գասպարիի վերաքննիչ բողոքը մերժվեց

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ քննվեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Համաձայն բողոքի՝ Վարդգես Գասպարին պահանջել էր բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և պարտավորեցնել ոստիկանությանը հարուցելու քրեական գործ Սամվել Ալեքսանյանի և Գագիկ Գեղամյանի նկատմամբ՝ խուլիգանության՝ ֆիզիկական բռնություն կատարելու կապակցությամբ, ինչպես նաև պարտավորեցնել դատախազությանը հարուցելու քրեական գործ հանցագործության կատարման ժամանակ և վայրում ներկա ոստիկանների անգործության կապակցությամբ կամ այնուամենայնիվ դատախազությունը կատարի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը:
Վարդգես Գասպարին վերաքննիչ բողոքում նշել է, որ սույն թվականի հունիսի 21-ին, երբ կանգնած է եղել ԱԺ մուտքի մոտ, Ռուբեն Հայրապետյանի դեմ կարգախոսով` «Նեմեց, մարդասպան», իրեն է մոտեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ձեռքից վերցրել է պաստառը, այնուհետև իրեն է մոտեցել մեկ անձ և հրելով տապալել է գետնին: Վարդգես Գասպարիի խոսքով այդ ժամանակ ներկա են գտնվել շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ, ովքեր ցուցաբերել են անգործություն: Մինչդեռ դատական վիճաբանության ժամանակ մյուս կողմը պատասխանեց, որ ոստիկանության կողմից չի ցուցաբերվել անգործություն:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց՝ թողնել օրինական ուժի մեջ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և մերժել Վարդգես Գասպարիի վերաքննիչ բողոքը:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել