Այսօրվանից օրինական ուժի մեջ մտավ 2016 թվականի հունիսի 7–ին ընդունված «Ճանապարհային վճարի մասին» օրենքում ստորև շարադրված փոփոխությունը.
«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքի 8-րդ հոդվածը այսուհետ կշարադրվի հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
1) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
2) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ.
3) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում` 0 դրամ:
2. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված վճարի 25%-ի չափով:
3. Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճարի 10%-ի չափով: