Ի՞նչ ընթացակարգով պետք է օրինականացնել ինքնակամ կառույցը

Ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և կառավարության՝ 2006 թվականի 912-Ն որոմամբ նախատեսված է իրավական որոշակի ընթացակարգ:

 ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ինքնակամ կառույցները օրինական են ճանաչվում համայնքների ղեկավարների, իսկ համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից: Այն նաև նշում է, որ ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

Թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, թե՛ կառավարության որոշմամբ նախատեսված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝

  1. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
  2. որոնք կառուցված են ՀՀ հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա (տվյալ հոդվածը սահմանում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի ցանկը, որոնք արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

Ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով հողամասի սեփականատերը պետք է դիմում ներկայացնի այն համայնքի ղեկավարին, որի սահմաններում գտնվում է տվյալ կառույցը:

Ըստ կառավարության որոշման՝ դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել պետական մարմնի կողմից սահմանված կարգով տրված սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, որտեղ պետք է նախապես նշել ինքնակամ կառույցներին վերաբերող տեղեկություններ, իսկ եթե դրանք չկան կամ հողամասի նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունք, ապա պետք է ներկայացնել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը (հատակագծերը) և բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունները: Ընդ որում, ինքնակամ կառույցների օրինականացումը ենթակա է մերժման, եթե չի ներկայացվում բոլոր սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունը:

Համայնքի ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում ինքնակամ կառուցված բնակելի և մինչև 200 քառ. մետր տարածք զբաղեցնող հաuարակական կամ արտադրական նշանակության շինության օրինականացման կամ մերժման մասին: Իսկ եթե շինությունը 200 քառ. մետրից ավելի տարածք զբաղեցնող հաuարակական կամ արտադրական նշանակության շինություն է, ապա որոշումն ընդունվում է 60-օրյա ժամկետում:

Բազմաբնակարան շենքում կատարված ինքնակամ կառույցների օրինականացման կարգն ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, եթե շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք ցանկանում են օրինականացնել շենքի վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների և շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումները (եթե դրանց արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը), ապա պետք է դիմում ներկայացնեն համայնքի ղեկավարին՝ դրան կցելով շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը: Այս դեպքում ևս դիմումը ենթակա է մերժման, եթե բացակայում է սեփականատերերից անգամ մեկի գրավոր համաձայնությունը:

Վերը նշված ընթացակարգը չի գործում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերում կառուցված շինություններն օրինականացնելիս: Այդ դեպքում համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:

Օրինականացվելուց հետո արդեն տվյալ կառույցները կառուցած անձանց առաջարկվում է նախապատվության իրավունքով ձեռք բերել դրանք: Այդ առաջարկը սահմանված ժամկետում չընդունվելու դեպքում նոր առաջարկ է արվում’ կառույցը վարձակալելու վերաբերյալ: Եթե կառուցողն այդ առաջարկը ևս չի ընդունում, կառույցը վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով:

Ըստ կառավարության որոշման’ արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացման մերժումը՝ օրենքով սահմանված հիմքերից բացի այլ հիմքերով, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ: Ինքնակամ կառույցների օրինականացման մերժման դեպքում դիմողը 5-oրյա ժամկետում պետք է գրավոր տեղեկացվի մերժման պատճառների մաuին՝ առձեռն հանձնելու կամ փոuտով առաքելու միջոցով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել