Առաջիկայում խորհրդարանը հնարավորություն կունենա քննարկել ապօրինի հարստացման նախագիծը. նախարար

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին, հայտարարեց.

«Կարծում եմ՝ առաջիկայում խորհրդարանը հնարավորություն կունենա քննարկելու քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը մասնավորապես վերաբերում է ապօրինի հարստացմանը»:

Նախարարը հիշեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից տրված հանձնարարականների համապատասխան՝ նախարարությունում ապօրինի հարստացմանը, ինչպես նաև դրան առնչվող այլ գործիքներին վերաբերող փաթեթներ են մշակվել, կատարվել են ուսումնասիրություններ, վեր է հանվել միջազգային փորձը, որոնք, ըստ նախարարի, անհրաժեշտ են համապատասխան իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռտնելու, որ գործողություններ նախատեսեն:

Նա հայտնեց նաև, որ նախագիծը գտնվում է քննարկման փուլում ու առաջիկայում կմտնի խորհրդարան:

Գագիկ Ջհանգիրյանը արձագանքելով՝ ասաց. «Եթե անգամ ապօրինի հարստացման մասին օրենքը ընդունվի, դրանից առաջ բոլոր ապօրինի հարստացման դեպքերին մենք համաներում ենք հայտարարելու»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ