Երևանի քաղաքապետարանը բաց ընթացակարգով գնման պայմանագիր է կնքել «Հիդրովերանորոգում» ՍՊ ընկերության հետ՝ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի (ավելի հայտնի որպես ՝ 8-րդ հիվանդանոցի ծննդատուն) շենքի վերանորոգման համար: Օգոստոսի 19-ին կնքված պայմանագրի արժեքը կազմում է 1 միլիարդ 366 միլիոն 175 հազար 400 դրամ:
Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ ծախսերը իրականացվել են Երևանի քաղաքապետարանի բյուջեից: Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը 100 օրացույցային օր է, այսինքն՝ այս տարվա դեկտեմբերի սկզբին այդ աշխատանքները պետք է ավարտված լինեն:
Օգոստոսի 16-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել նաև «Սասունասար» ՍՊ ընկերության հետ՝ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն» ՓԲԸ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների համար: Պայմանագրի արժեքը 1 միլիոն 820 հազար դրամ է: Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետն այս տարվա դեկտեմբերի 25-ն է: