Այսօր նախագահի հրամանագրով ֆինանսների նախարար նշանակված Վարդան Արամյանը մինչ այս աշխատել է ՀՀ նախագահաի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում: Նա ծնվել է 1975 թվականի փետրվարի 4-ին, Երևանում:
Կրթությունը
- 1992-1997 թթ. – սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 2004 թ. – սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։
- 2005 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ։ Մի շարք հոդվածների հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը
- 1997-1998 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։
- 1999-2002 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։
- 2002-2003 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։
- 2003-2006 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։
- 2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։
- 2007 թվականից դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
- 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
- 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաuտանի Հանրապետության ազգային տնօրեն։
- 2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
- 2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)։
- 2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ։
- 2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
- 2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
- 2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։
Պարգևներ
- Անանիա Շիրակացու մեդալ (2011)
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։