«Անկախության Սերունդ» շարժումը կպայքարի ընտրակաշառքների դեմ

«Մեծ հավանականությամբ Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունները զերծ չեն մնա ընտրակաշառքների բաժանման արատավոր գործելաոճից», Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց «Անկախության Սերունդ» շարժման հիմնադիր անդամներից մեկը՝ Վիկտոր Ենգիբարյանը: Հայաստանում ընտրական գործընթացը հասել է մի փուլի, երբ վստահված անձանց, դիտորդների ու ընտրական հանձնաժողովների անդամների միջոցով հնարավոր է վերահսկել ընտրական գործընթացների թափանցիկությունը և բացառել կոպիտ ընտրախախտումները, սակայն վերահսկել ընտրակաշառքների երևույթը գրեթե անհնար է, – շարունակում է Ենգիբարյանը: Երբ երկրում սոցիալ տնտեսական վիճակը հասնում է այն ծայրաստիճան վատ վիճակի, որ մարդիկ ստիպված են լինում մեկ օրվա հացի համար վաճառել իրենց համայնքի կամ երկրի ապագան, հուշում է երկու տագնապալի երևույթի մասին, առաջինը՝ քաղաքացիները որևէ թեկանածուի հանդեպ չունեն վստահություն և նախընտրում են առձեռն լուծել իրենց մեկ օրվա հացի խնդիրը, և երկրորդ՝ չկա հավատ ապագայի նկատմամբ, – նշում է նա: Սա ցուցիչ է, որ երկրի բնակչության մեծ մասը գտնվում է խորը անվստահության ճգնաժամի մեջ: Պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար սա ազգային անվտանգության խնդիր է, քանի որ սոցիալական կոհեզիան կամ միասնականության գործընթացը պատերազմներում հաղթելու կամ պարտվելու պատճառ կարող է հանդիսանալ:

Ըստ պարոն Ենգիբարյանի «Անկախության Սերունդ» շարժումը Գյումրիում և Վանաձորում կանցկացնի ակցիաներ ընդդեմ ընտրակաշառքների և քաղաքացիների հետ զրույցի, թռուցիկների բաժանման ու արդար ընտրություններ անցկացնելու քարոզի միջոցով կփորձի որոշակիորեն բարձրացնել ընտրողների քաղաքացիական գիտակցությունը և ապագայի նկատմամաբ հավատը:

Հայաստանում ընտրակաշառք բաժանողները ու վախի մթնոլորտ տարածողները պետք է պատժվեն այնպես, ինչպես ռազմական հանցագործները կամ պետական դավաճանները, քանի որ երկրի ապագայի նկատմամբ հավատի կորուստը հանգեցնում է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքների, ինչպիսիք են արտագաղթը, հասարակական միասնականության մակարդակի անկման և վերջապես ներքին թշնամանքի ձևավորմանը, եզրափակում է Ենգիբարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել