Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սրբխեչ), որը եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Qahana.am-ը ներկայացնում է պատմությունը. 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը:
Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով:
Նշենք նաև, որ ըստ ՀՀ կառավարության որոշման տոնի հաջորդող օրը՝ սեպտեմբերի 12-ը կլինի ոչ աշխատանքային: