Եթե ձեր մեքենան անսարքություն ունի կամ փոխել եք համարանիշները, ապա շահագործումը կհանգեցնի վարչական տուգանքի

Ցանկացած տրանսպորտային միջոց, որն ունի անսարքություն, բացի այն, որ կարող է վտանգել ձեր, ձեր ուղևորների կյանքը, այն կարող է հանգեցնել նաև վարչական տուգանքի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում այս մասին գրված է 132-րդ հոդվածում․

1․Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2․Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3․Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4․Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու
իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

5․Սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել