Ամբաստանյալի աթոռին հայտնվել են ամուսինները՝ հարազատին զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք առաջարկելու մեղադրանքով: Այս գործով ամբաստանվում է ևս երեք անձ՝ երկուսը կաշառքի միջնորդության, մյուսը՝ կաշառքի դիմաց գործողություն կատարելու համար:
Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։
Այսպիսով, ըստ մեղադրական եզրակացության, 2015թ-ի մայիսին Կարինե Խաչատրյանն ամուսնու՝ Արգամ Սիմոնյանի հետ ծանոթացել է Սաթենիկ Սարգսյանի հետ։ Նրանք պայմանավորվել են առանձնապես խոշոր չափերով՝ 2.864.160 ՀՀ դրամի (համարժեք 6000 ԱՄՆ դոլար) կաշառքի դիմաց Սաթենիկի միջնորդությամբ ստացիոնարում պառկեցնել և զինծառայությունից ազատել իրենց որդուն՝ շարքային զինվորին:
Ամբաստանյալի աթոռին է նաև Սաթենիկ Սարգսյանը՝ կաշառքի միջնորդության մեղադրանքով:
Ամբաստանվում է նաև հոսպիտալի օրդինատոր-սեքսապաթոլոգ Աշոտ Սիմոնյանը, ով լիազորություններ ունի բուժում ստացող զինծառայողների, ինչպես նաև՝ բաժանմունքի բուժքույրերի նկատմամբ՝ բուժվող զիծառայողների բուժման և հետվիրահատական շրջանում նրանց խնամքի հետ կապված ցուցումներ և հանձնարարություններ տալու:
Աշոտ Սիմոնյանը 2015թ. մայիսին միջնորդ՝ Երվանդ Կարապետյանի հետ համաձայնության է եկել՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Խաչատրյանին ստացիոնար բուժման ընդունել: Այդպես նա պետք է կատարեր պայմանավորվածությունը՝ շարքայինին զինծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելով:
Կարինե Խաչատրյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, մյուս ամբաստանյալների հանդեպ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: