Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորական մանդատը վերստանձնել է 2012 թվականին: Եվ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է բավականին արժեքավոր գույք և եկամուտներ:
- 2 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
- 5 հատ հողամաս,
- 2 հատ հողին ամրակցված այլ անշարժ գույք,
- 24.18 միլիոն դրամ արժողության բաժնեմաս
- 10 000 ԱՄՆ դոլար և 50 միլիոն դրամ խնայողություններ,
- 937 միլիոն դրամի եկամուտ (որից աշխատավարձը կազմել է ընդամենը 3.87 միլիոն դրամ, առյուծի բաժինը ստացվել է շահաբաժնից և վերցված վարկերից):
2012 թվականի ընթացքում վերջինս օտարել է 13 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմասը: Խնայողությունները տարեսկզբին և տարեվերջին կազմել են 10 000 ԱՄՆ դոլար և 50 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 375 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 3.41 միլիոն դրամ, 255.43 միլիոն դրամը ստացվել է շահաբաժնից, իսկ 116.24 միլիոնը՝ վերցված վարկից:
2013-ին ԱԺ փոխնախագահը գնել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում՝ 46.03 միլիոն դրամով, և երկու հատ ոչ բնակելի տարածք՝ բազմաբնակարան շենքում՝ վճարելով 12.24 միլիոն դրամ:
Այս տարվա ընթացքում նրա խնայողությունները կազմել են 45 միլիոն դրամ և 20 000 ԱՄՆ դոլար: Եկամուտը կազմել է 470.74 միլիոն դրամ, որից աշխատավարձը՝ 3.64 միլիոն դրամ, շահաբաժինը՝ 376 միլիոն դրամ, վերցված վարկը՝ 91.1 միլիոն դրամ:
2014-ին Հերմինե Նաղդալյանը փոխառությամբ հանձնել է 92.2 միլիոն դրամ և նույն տարում էլ այն վերադարձվել է: Խնայողությունները կազմել են 35 միլիոն դրամ և 5 000 ԱՄՆ դոլար: Եկամուտը եղել է 347.72 միլիոն դրամ, որից 6.28 միլիոնը ստացվել է աշխատավարձից, 189.44 միլիոնը՝ շահաբաժնից, 152 միլիոնը՝ վարկից:
2015-ին նրա հայտարարագրած դրամական միջոցներն ու եկամուտները էականորեն նվազել են. ունեցել է 5000 ԱՄՆ դոլար և 32 միլիոն դրամ խնայողություն և 226.13 միլիոն դրամի եկամուտ, որից 8.66 միլիոնը ստացվել է աշխատավարձից, 38.52 միլիոնը՝ շահաբաժնից, իսկ 178.93 միլիոն դրամը՝ վերցված վարկից:
Նրա ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, ով կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչն է, 2012 թվականի սկզբին նրա դրամական միջոցները եղել են 15 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 6 միլիոն դրամ, եկամուտը եղել է 1.47 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
2013 թվականի ընթացքում նա ձեռք է բերել 11.25 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս: Խնայողություններ չի ունեցել տարեվերջում: Իսկ եկամուտը կազմել է 1.38 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
2014 թվականի տարեսկզբին նա փոխառությամբ է հանձնել 11.5 միլիոն դրամ, տարվա ընթացքում փոխառությամբ հանձնել է ևս 22.7 միլիոն դրամ, տարեվերջին ունեցել է 34.2 միլիոն դրամ փոխառությամբ հանձնված գումար: Սակայն անհասականալի է, թե որտեղից է Դավիթ Բեգլարյանն այսքան գումար ստացել, երբ նախորդ տարիների ընթացքում եկամուտները ստացվել են աշխատավարձից և փոխառությամբ հանձնված գումարի չնչին տոկոսն են կազմել, իսկ խնայողություններն էլ տարեցտարի նվազել են:
Այս տարվա ընթացքում էլ նրա հայտարարագրված եկամուտը ստացվել է բացառապես աշխատավարձից և կազմել է 2.88 միլիոն դրամ:
2015-ի ընթացքում Դավիթ Բեգլարյանը մեկ այլ բաժնետոմս է գնել՝ 7.5 միլիոն դրամ արժողությամբ: Տարվա ընթացքում նա փոխառությամբ հանձնել է 9.16 միլիոն դրամ և տարեվերջին ունեցել է ընդհանուր առմամբ 43.36 միլիոն դրամ՝ հանձնված փոխառությամբ:
Տարեվերջին նրա խնայողությունները զրոյականից հասել են 10միլիոն դրամի: Իսկ եկամուտը կազմել է 86.22 միլիոն դրամ, որից 4.12 միլիոն դրամը ստացվել է աշխատավարձից, 42 միլիոն դրամը՝ վարկերից, իսկ շուրջ 40 միլիոն դրամը՝ շահաբաժնից: