Որո՞նք են կրթական իրավունքի պետական երաշխիքները

Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:

Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ:

Պետությունը, համագործակցելով սոցիալական գործընկերների հետ, ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, ինչպես նաև երաշխավորում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկումն ու արդյունքների ճանաչումը:

Հարկ է իմանալ, որ պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:

Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։

Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:

Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է` ստանալու համապատասխան մակարդակի կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։

Պետությունը նպաստում է, որ կրթական գործունեությանը մասնակցի նաև սփյուռքահայությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել