Հայտնի երգչուհի, ԱԺ ՀՀԿ կուսակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2012 թ-ի մայիսին: Այս տարիների ընթացքում երգչուհին պատշաճ ձևով չի ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:
2012թ-ին պաշտոն ստանձնելու պահին պատգամավորը հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, ինչպես նաև PORSCHE CAYENNE 3.2 մակնիշի ավտոմեքենա:
Երգչուհին չի հայտարարագրել դրամական միջոցներ, եկամուտ, գույք:
2013 թ-ին Շուշան Պետրոսյանը և նրա ամուսինը՝ Արման Հարությունյանը, ով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է, տարեկան հայտարարագրերում նշել են աշխատավարձից ստացված եկամուտները՝ համապատասխանաբար՝ 3,429,000 դրամ և 2,520,000 դրամ:
2014 թ-ին ամուսինները չեն ներկայացրել գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:
2015 թվականի հայտարարագրերը, կարելի է ասել, նույնպես չեն ներկայացվել: Հրապարակված հայտարարագրերը դատարակ են, որևէ նշում չկա նույնիսկ եկամուտների տողում, մինչդեռ հայտնի է, որ Շուշան Պետրոսյանը շարունակում է պատգամավորի մանդատը զբաղեցնել և գրեթե բացառվում է, որ այս տարում աշխատավարձ ստացած չլինի:
Ալիսա Չիլինգարյան