ՀՀ ոստիկանությունը շնորհավորում է նոր ուսումնական տարին (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին, և ոստիկանությունը, ավանդույթի համաձայն, օգոստոսի 29-ից հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայության է անցել մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում:

«Զգուշացեք, երեխաներ են» նշանաբանով ծառայության մեջ ներգրավված են ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային ծառայության, անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության տեսուչներ:
Միամսյակին նախորդած շրջանում կազմակերպվել են ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցողական դասընթացներ, անչափահասների գործերով տեսուչների և ՃՈ ծառայողների մասնակցությամբ հանդիպումներ են անցկացվել դպրոցների տնօրենների, մանկավարժական խորհուրդների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Դպրոցների հարակից փողոցներում թարմացվել է գծանշումը, կարգաբերվել են լուսացույցները, իսկ գետնանցումներ չունեցող, լուսացույցերով ու գծանշումներով չկարգավորվող փողոցներում երեխաները փողոցը հատում են խմբերով՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:

Գերխնդիրը մեկն է՝ ապահովել մեր երեխաների անվտանգությունը: Եվ ոստիկանությունն անում է ամեն ինչ՝ այդ խնդիրը լուծելու համար, միևնույն ժամանակ ակնկալելով համաքաղաքացիների աջակցությունը:

Մեծահասականերին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ և հարկ եղած դեպքում փողոցում օգնել նրանց:
Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում:

Դիմում ենք ծնողներին, մանկավարժներին, ավագ դպրոցների աշակերտներին, ուսանողներին՝ համատեղ ապահովենք երեխաների անվտանգությունը և՛ միամսյակի, և՛ ողջ տարվա ընթացքում:
Շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ:

Տեսանյութը՝ police.am-ի

Իրավաբան.net 

                                                                                             

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել