Երևան համայնքի բյուջե կվճարվի 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը պարզբանում է տարածել՝ այսօր կառավարության նիստին Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից ստացած գումարների տնօրինման վերաբերյալ.

«Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ստանալուց հետո ուղղել Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև՝ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումը տարընթերցումների առիթ էր դարձել, տեղեկացնեմ, որ ՀՀ պետական բյուջեով, ավելի վաղ այս ծախսերի համար նախատեսված գումարները, որոնք պետք է հատկացվեին Երևան քաղաքին, նույն չափով կրճատվել են և ուղղվել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ:

Ինչ վերաբերում է օտարված շենք-շինությունների գումարներից Երևան համայնքի բյուջե ուղղելուն, ապա դա կարգավորվում է համապատասխան օրենքներով (Օրինակ՝ Տեղական ինքնակառավարման մասին, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներով)»:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել