Ուղղակի անհասկանալի որոշում է. Անահիտ Բախշյանը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստին կայացված որոշմանը, համաձայն որի, ԱԳՆ նախկին շենքի վաճառքից գոյացած գումարը հատկացվել է Երեւանի փողոցների բարեկարգմանը:

Նա իր նամակում նշում է.

«Այսօր Կառավարության որոշմամբ ՀՀ ԱԳՆ նախկին շենքի վաճառքից ստացված 4 մլն 886 հազար դոլարի չափով գումարը (ոչ ավելի քան 2 մլրդ 314 մլն դրամ) որոշվել է հատկացնել Երեւանի փողոցներում ճաքալցման ու ընթացիկ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաեւ արտաքին լուսավորության ցանցի պահպանման համար: Ավելի քան զարմանալի է այս որոշումը, որովհետեւ 2016թ. Երեւանի բյուջեով ասֆալտ-բետոնի ծածկի վերանորոգման եւ պահպանման համար նախատեսվել է 3.384.000.0 դրամ, իսկ մայրուղիների եւ փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման համար՝ 100.000.0 դրամ: Իսկ արտաքին լուսավորության` ներկայումս գործող ռեժիմի պահպանման պարագայում աշխատանքների պահպանման համար` 2.361.043.8 հազ. դրամ:

Ստացվում է՝ նույն նպատակների համար թե՛ բյուջեով է նախատեսվել ոչ քիչ գումար, թե՛ վերոնշյալ որոշմամբ կառավարությունը, չեղած տեղից, էլի է գումար տրամադրել: Այնինչ Երեւանում ունենք ոլորտներ, որտեղ ողբալի վիճակ է, օրինակ՝ վերելակային ցանցը, որի պահպանման համար ընդամենը 98 մլն է նախատեսվել, եւ տարեկան մի քանի ողբերգական դեպք ենք արձանագրում, քաղաքի փողոցները բեռնաթափելու համար, օրինակ՝ կարելի էր այդ գումարը տրամադրել Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցմանը ու հազար ու մի բաց տեղ ուներ Երեւանը, եւ կարելի էր ինչ-որ մնայուն բան նախաձեռնել Երեւանում: Ուղղակի անհասկանալի որոշում է, ազնիվ խոսք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել