Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները:
Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: