2014թ.-ին դեկտեմբեր ամսին մեծ աղմուկ բարձրացրեց դատական կաշառքի մասին ԱԱԾ-ի տեսանյութը:
Ըստ մեղադրանքը` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այս գործով դատարանը կայացրել է դատավճիռ և ամբաստանյալ Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Վճիռն արդեն հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում, որից հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում:
Ըստ այդմ` դատավորը ցուցմունք է տվել ու հայտարարել, որ 2014թ. դեկտեմբերի 25-ին գումարը (20 հազար ԱՄՆ դոլարի մասին է խոսքը) Ս.Կարապետյանը բերել է պարտավորությունների մարման համար, ինքը տեղյակ չլինելով, որ զրույցը ձայնագրվում է, մի քանի անգամ ասել է, որ այդ գումարով նրա պարտավորությունները պետք է մարվեն, ասելով, որ 20 հազար վճարելով նույնքան նրա պարտավորությունները կնվազեն: Այդ գումարից ինքը որևէ գույքային ակնկալիք կամ նյութական շահ չի ունեցել: Դեկտեմբերի 20-ի զրույցում Սեյրանն իրեն հարցրել է, թե իրեն ինչ պետք է տա, ինքն էլ պատասխանել է, որ նման բան չկա, ինքը որևէ նյութական ակնկալիք չի ունեցել, նույնիսկ ասել է, որ իր գումարն ուրիշ տեղից է՝ աշխատավարձից: Դեկտեմբերի 25-ին չի ցանկացել վերցնել գումարը, քանի որ այդ պահին չի իմացել, թե ինչպես պետք է վճարվի գումարը, ինքն ավելի շատ ցանկացել է համոզվել, որ Սեյրանն ունի այդ գումարը, դրա համար էլ ասել է տանի տուն՝ պահի, միգուցե այդ գումարը պետք է Երևանում մուծվեր, գուցե այլ տեղ: Ս.Կարապետյանի հեռանալուց հետո ներս են մտել իրավապահ մարմինների աշխատակիցները, հրավիրել ընթերակաների և կազմակերպել խուզարկություն՝ խուզարկել են բազմոցը, չհրկիզվող պահարանը, սեղանի դարակները, այնուհետև այդ պահարանը, կատարվել են որոնողական գործողություններ:
Ս. Կարապետյանն էլ իր հերթին դատարանում պատմել է, որ մինչ դեկտեմբերի 25-ը Խաչատրյանի հետ հանդիպել են Գյումրիում, սրճարանում, այդ ժամանակ խոսվել է 15 հազարի մասին, ասել է, որ 10-ը կբերես, 5-ը կպահես, կարող է պետք լինի, կարող է ոչ, հետո ճանապարհին խոսել է 20 հազարի մասին, ասել 15-ը կբերես, 5-ը կպահես: Հարցրել է, թե գումարն ինչու է փոխվել, Խաչատրյանը բացատրել է, որ քանի որ ինքը գումարն ուշացրել է, չեն համաձայնվում: Ըստ Կարապետյանի` Խաչատրյանը միշտ էլ շեշտել է, որ իրեն բան պետք չէ, դա վերևների համար է: Վերջնական պայմանավորվածությունը եղել է 20 հազար, ինքը համաձայնություն չի տվել, ասել է, որ այդքան գումար չկա, պետք է ուղարկեն դրսից: Խաչատրյանն իրեն ասել է, որ մինչև դեկտեմբերի 20-ը ժամանակ ունի: Դրանից հետո Երևանում գործ է ունեցել, կնոջ հետ գտնվել է այնտեղ, եղել է այդ նույն փողոցում, երբ Խաչատրյանն իրեն զանգել է և ջղայանացած հարցրել, թե արդյոք գումարը բերում է, թե գալիս են գույքը բարձեն տանեն: Այդ ժամանակ մեքենան կանգնեցրել է, կնոջ հետ խորհրդակցել է, եղել է գրգռված վիճակում, այդ զանգից առաջ էլ Խաչատրյանն իրեն ասել է, որ մարդ է տարել և իր գույքը ցույց տվել և ասել, որ եթե արագ հարցերը չլուծի՝ կվաճառեն և որոշել է դիմել ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի պաշտպանվի: Ազգային անվտանգության ծառայությանը դիմելուց հետո Խաչատրյանի հետ հանդիպել է նրա աշխատասենյակում:
Դեպքի օրը տարել է Խաչատրյանի պահանջած 20 հազար դոլարը, որն իրեն էին տվել անվտանգության ծառայության աշխատակիցները: Այդ օրը Խաչատրյանն իրեն 4-5 անգամ զանգել է, հարցրել, թե գումարն ինչ եղավ: Զանգել է Խաչատրյանին, նրա աշխատողներից մեկն իջել և իրեն ուղեկցել է նրա աշխատասենյակ: Նախքան այդ Խաչատրյանը զանգել է, հարցրել որտեղ է, պատասխանել է, որ մոտակայքում է, նա ասել, որ հասնի, իրեն զանգի: Խաչատրյանի աշխատասենյակում ասել է, որ գումարը բերել է, Խաչատրյանը կրկնել է, որ իրեն բան պետք չի, այդ գումարը պետք է տանի՝ տա, ասել է, որ դարակը բացի և գումարը դնի այնտեղ: Գումարը դնելուց հետո երկու բառ են փոխանակել, Խաչատրյանն ասել է, որ իրեն կօգնի, հրաժեշտ է տվել և դուրս եկել: Այդ ընթացքում ԱԱԾ աշխատակիցները երևի դատարանի բակում են գտնվել, ստույգ չգիտի, նրանց տեսել է աստիճանների մոտ, երբ իջել է և նրանցից մեկին ասել, որ գումարը դրել է իր կողքի դարակում: Պարտատերերի առաջին ժողովի մասին իրեն ծանուցելու հանգամանքը չի հիշում: Խաչատրյանն իրեն չի ասել, թե իր գույքը որքան է գնահատվել:
Դատավճռին կարող եք ծանոթանալ` այստեղ: