Դիրքերում զինվորը զենքը պահել է ծառայակցի գլխին, հայտարարել, թե կասկածում է արդյոք ու կրակել, սպանել նրան

Ժամկետային զինծառայող Սուրեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ,շարքային պարտականությունները կատարելու ժամանակ, ինքնահաստատվելու և խուլիգանական դրդումներներից ելնելով և գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետևանքով արձակված կրակոցով շարքային Վաղինակ Հ.-ին սպանելու անխուսափելիությունը, հանկարծակի ծագած ուղղակի դիտավորությամբ լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը, այն բերել մարտական վիճակի, զենքի փողը շուրջ 1.5 մետր հեռավորությունից ուղղել Վ.Հ.-ի ճակատին և, դրսևորելով ցինիզմ, հայտարարել է, թե արդյոք կասկածում է, որ ինքը կկրակի, որին Վ.Հ.-ն պատասխանել է որ նրանից ամեն ինչ սպասելի է և վերջինս սկսել է ձեռնարկել ակտիվ գործողություններ` զենքի փողի ուղղությունը շեղելու նպատակով, սակայն ծագած դիտավորությունը տրամաբանական ավարտին հասցնելու մոլուցքով Ս.Մ.-ն հաղթահարել է վերջինիս դիմադրությունը` սեղմել ձգանը, որի հետևանքով արձակված կրակոցից գլխի ճակատային շրջանում հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք է հասցրել Հայրապետյանին և ապօրինաբար զրկել նրան կյանքից:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և դժվարացել է ասել, թե ինչպես է ինքնաձիգի ապահովիչը հանել և փողը պահել վերջինիս ուղղությամբ, ըստ նրա` այդ պահին Վաղինակը բռնել է փողը, քաշել դեպի իրեն, որի հետևանքով կրակոց է արձակվել: Դրանից հետո ինքը գտնվել է շոկի մեջ:

Նշել է, որ Վաղինակի վրա չի կրակել, որ ինքնաձիգի ձգանը չի սեղմել, և որ եթե վերջինս չքաշեր փողը, ապա կրակոց չէր արձակվի:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքը արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է առավել ծանր քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:

Վկա մայոր Ա. Կ.-ի ցուցմունքով դեպքի օրը, կրակոց է լսել, բարձրացել է դիտակետ և տեսել, որ Վաղինակն ընկած է խրամուղու մոտ, իսկ Սուրենը կանգնած էր նրա մոտ: Վերջինս ասել է, որ «հորս արև, իրեն խփեց»: Կատարվածի մասին անմիջապես զեկուցել է զորամասի հրամանատարությանը: Քիչ անց մարտական դիրք են եկել ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողները և քննիչները: Նրանցից իմացել է, որ Սուրենը խոստովանել է, որ ինքն է կրակել զինվորի վրա:

Դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 13 (տասներեք) տարի ժամկետով:

Տուժող կողմը վերաքննիչ բողոք է բերել, դատարանը որոշել է պատիժը խստացնել` դատապարտելով 15 տարի ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել