Միհրան Աղաբաբյանը ՃՈ-ի կողմից տուգանվել է 10 հազար ՀՀ դրամի չափով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար:
Տուգանքի համար հիմք է հանդիսացել այն, որ վարորդը Երևան քաղաքի Գ. Նժդեհ-Մայիսի 9 խաչմերուկի հատվածում չի պահպանել ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված 1.3-րդ գծանշման պահանջը:
Իրավախախտումն ամրագրած ոստիկանության տեսանյութում ընդհանրապես տեսանելի չէ ավտոմեքենան վարող վարորդը: Միհրան Աղաբաբյանը պնդել է, որ արձանագրված իրավախախտումն ինքը չի կատարել և զանցառու չէ, նա ասել է, որ ավտոմեքենան վարել է իր եղբայրը:
Դատարանը նշել է, որ ընդհանուր կանոնակարգմամբ` ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը տեխնիկական սարքի միջոցով հայտնաբերվելու դեպքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, որպիսի կանոնից բացառություն է սահմանված այն դեպքի համար, երբ վերջինս ապացուցում է, որ խախտումը կատարվել է այլ անձի կողմից:
Անկախ տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսանալու հանգամանքից, եթե ապացուցվում է իրավախախտումն այլ անձի կողմից կատարվելու փաստը, ապա սեփականատերը վարչական տույժի ենթակա չէ, իսկ հակառակ դրան` վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկող վարչական ակտը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտ, ենթակա կլինի անվավեր ճանաչման:
Դատարանը փաստել է, որ սույն գործով Միհրան Աղաբաբյանի կողմից տրված հայտարարությամբ և ցուցմունքով ըստ էության հաստատվում է վերոնշյալ իրավախախտումը վերջինիս կողմից կատարված չլինելու հանգամանքը, որը հերքող որևէ ապացույց գործում առկա չէ:
Բացի այդ, Դատարանը հարկ է համարում նշել, որ թեև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է անձի կողմից իր մեղքի բացակայության ապացուցման պարտականություն, սակայն վարչական դատավարության ժամանակ այդ պարտականությունը չի կարող դրվել վերջինիս վրա, քանի որ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի մասով դրա իրավաչափության ապացուցման պարտականությունն օրենքի ուժով կրում է հենց վարչական մարմինը:
Ի վերջո, դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ վճռել է հայցը բավարարել` անվավեր ճանաչել (վերացնել) ՃՈ որոշումը: