Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման պահանջներն ապահովելու նպատակով ընդունվեց համապատասխան օրենքում փոփոխությունների նախագիծը, որով թույլատրվեց ստանալ նաև հին նմուշի անձնագիր:
Այնուհետև նա նշում է. «Ներկայիս գործող իրավակարգավորումների համաձայն չի արգելվում միաժամանակ ունենալ և բիոմետրիկ, և հին նմուշի անձնագրեր: Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անձը դիմում է որևէ երկրի դեսպանատուն, տվյալ երկիր մուտք գործելու վիզա ստանալու համար: Անձնագիրը դեսպանատուն հանձնելուց հետո այն վերադարձնում են ոչ թե անմիջապես, այլ մի քանի օրից, իսկ երբեմն տևում է նաև շաբաթներ: Այդ ընթացքում երկրից դուրս գալու հրատապ անհրաժեշտությամբ պայմանավորված անձը ստիպված չի լինի հետաձգել գործերը. երկրորդ անձնագրով կարող է հանգիստ ճամփորդել:
Լինում են նաև դեպքեր, երբ անձը միաժամանակ ցանկանում է դիմել երկու տարբեր երկրների դեսպանատուն»:
Իրավաբան.net