Երկքաղաքացին Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետի սահմանափակման և նրա նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

Օտարերկրացիները Հայաստանում կարող են բնակվել կացության կարգավիճակի ժամկետով, վիզայի ժամկետով կամ եթե նշված պետության համար սահմանված է առանց մուտքի վիզայի ռեժիմ, մեկ տարվա ընթացքում 180 օր, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Նշված ռեժիմը խախտելու դեպքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն օտարերկրացին ենթակա է վարչական պատասխանատվության 50.000-100.000 դրամի չափով:

Նշված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների վրա:Նրանք Հայաստանում կարող են բնակվել առնաց ժամկետային սահմանափակման: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն: Տուգանքի ենթակա չեն նաև այն երկքաղաքացիները, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է կամ անձնագիրը կորցրել են:

Հ.Գ. ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել