Մասնակիցների ռեեստրը վարողը տարին մեկ անվճար, ոչ ուշ, քան մինչև ապրիլի 15-ը տեղեկատվություն է տրամադրում անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին, բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի:
Վերոհիշյալ տեղեկատվությունը առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով, թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ և հետագա անգամները վերոհիշյալ տեղեկատվությունը ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, որի համար անձը սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:
Եթե սոցիալական վճար կատարող անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա վերհոհիշյալ նշված տեղեկատվությունը առաջին անգամ ներկայացվում է բնակչության պետական ռեգիստրում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Եթե սոցիալական վճար կատարող անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով (կամ առկա չէ լիարժեք հասցե), ապա վերոհիշյալ տեղեկատվությունը չի տրամադրվում:
Եթե անձը չի կատարում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը երկրորդ և հետագա անգամները ստանալու եղանակի ընտրություն, ապա երկրորդ և հետագա անգամները վերհոհիշյալ տեղեկատվությունը չի տրամադրվում:
Նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման համար դիմելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին նրա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը տարեկան 1 անգամից ավելի թղթային տարբերակով տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար կարող է մասնակցից գանձել վճար, որի չափը չի կարող գերազանցել դրա պատրաստման և տրամադրման համար կատարված ծախսերը` գումարած մասնակիցների ռեեստրը վարողի ողջամիտ շահույթը:
Մասնակիցների ռեեստր վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված բովանդակությամբ և կարգով:
Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար հասանելիություն ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այդպիսի մուտքի ապահովմանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավոր է ապահովել տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` անձը նույնականացնող և տեղեկատվության գաղտնիությունը ապահովող ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել մասնակիցների ռեեստրը վարող անձի կողմից հրապարակման այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմի, հրապարակման ձևի և կարգի նկատմամբ: