Առանց կենսափական տվյալներ պարունակող անձնագիրը (հին նմուշի անձնագիր) 16 տարին լրացած քաղաքացիներին տրվում է 10 տարի վավերականության ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան տրման պահից մինչև 15 տարյա ժամկետը լրանալը: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անձնագրային և վիզաների վարչություն կամ անձնագրային ծառայություն դիմելիս անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում:
Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հին նմուշի անձնագիր տրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը: Նշված դեպքում անձնագրի վավերականության ժամկետը չի երկարաձգվում. անհրաժեշտության դեպքում պետք է դիմել փոխանակման համար: