Հաղթանակս նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին. Արթուր Ալեքսանյան

Բրազիլիայում կայացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած զինվորին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

Նշենք, որ 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը:

Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի  Արթուր Ալեքսանյանը ասել է՝«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»։

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝ Տղամարդիկ, 98 կգ՝

1. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)

2. Դանիել Յասմանի Կաբրերա (Կուբա)

3. Չենկ Իլդեմ (Թուրքիա), Ղասեմ Ռեզայի (Իրան)

Տեղեկացնենք, որ Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում:

Ալեքսանյանը 2012 թ. Եվրոպայի չեմպիոն է, 2013 թ. Եվրոպայի եւ աշխարհի փոխչեմպիոն, 2013-2014 թթ. Եվրոպայի չեմպիոն, 2014-2015թթ. աշխարհի չեմպիոն, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2014-2015թթ. Հայաստանի լավագույն մարզիկն է եղել:

Ռիո-2016-ը նրա երկրորդ Օլիմպիական խաղերն է: 2012-ին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին եւ նվաճել բրոնզե մեդալ: Անձնական մարզիչն է հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել