Այսօր վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը կալանավորման մասին և ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Ալեքսեյ Մարտիրոսյանին ազատ արձակել կալանքից: Այս մասին Իրավաբան.net–ին փոխանցեց մեղադրյալի իրավունքների պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նա մանրամասնեց, որ անձին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ըստ մեղադրանքի՝ Ալեքսեյը մեքենայով 50 կմ/ժ արագությամբ հարվածել է մեկ այլ անձի, սակայն վերջինիս նույնիսկ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ չի պատճառել. «Եթե սպանելու նպատակ ունենար իրական հնարավորություն կար այդ գործողությունները կատարելու, մենք գտնում ենք, որ այդ մեղադրանքը հիմնավոր չէ ու բավականին ուռճացված է՝ կամայական որակված: Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդության հիման վրա անձին կալանավորել էր: Ես և փաստաբան Միհրան Պողոսյանը բողոքարկել էինք առաջին ատյանի դատարանի որոշումը և վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց այն»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Ըստ փաստաբանի՝ նախկինում որպես կանոն նման մեղադրանքի առաջադրումը դատարանի համար արդեն բավարար էր, որպեսզի մարդկանց կալանավորեր. «Նախկինում և հիմա էլ շատ դատարաններում ու շատ դատավորների մոտ այդ մեխանիզմը կա, որ նման դեպքերում պետք է կալանավորել: Այս որոշման առանձնահատկությունն այն է, որ մենք որոշակիորեն իրավիճակի ենք հանդիպում, որ նման մեղադրանքի պայմաններում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում է կալանքի որոշումը, մինչ այս նույնպես նման դեպքեր եղել են, սակայն շատ եզակի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ սա հերթական ապացույցն է այն բանի, որ անձանցից կախված՝ կարող է համակարգի որակն ու գործելաոճը փոխվել։ Կալանքի որոշման բեկանումը կայացրել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, ով վերջերս է նշանակվել այս դատարանում. «Վերջին շրջանում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն է փոխվել, դատավորներ են փոխվել: Իրականում այն դատավորները, ովքեր իրավաբանների ու փաստաբանների, ընդհանրապես՝ դատական համակարգում դիտվում են որպես օբյեկտիվ որոշում կայացնող դատավորներ, ըստ էության, հենց նրանք են, որ որոշակիորեն փոխում են այդ կարծրատիպը և անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է առաջադրվում, կոնկրետ օրենքից բխող հիմքերն ու հիմնավորումներն են նայում, այլ ոչ թե մեխանիկական կալանք կիրառում»,- նշեց մեր զրուցակիցը:
Գևորգ Թոսունյան