Արթուր Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 8 շենքի դիմաց բացահայտ հափշտակել է Նարինե Ազոյանին պատկանող պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է երկու հատ` ընդհանուր 180 ՀՀ դրամ արժողության լավաշ:
Գործի դատաքննությունն ընթանում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ամբաստանյալի իրավունքների պաշտպան, փաստաբան Գարեգին Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ սույն գործն ուղարկվել է դատարան` Արթուր Շահվերդյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար, նրա խոսքերով՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ Արթուր Շահվերդյանը անմեղսունակ է:
Հաջորդ նիստը նախատեսված է օգոստոսի 22-ին, այնպես որ փաստաբանը կարծում է, որ անմեղսունակ լինելու հիմքով Արթուրը կազատվի քրեական պատասխանատվությունից:
Իրավաբան.net