«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ նույնպես կիրառվեց երկամսյա կալանք: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Հովհաննեսի իրավունքների պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը պատշաճ հիմնավորումներ չէր ներկայացրել. «Դատախազը մի նախադասություն արտաբերեց, թե վերաքննիչ բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Չնայած այն հանգամանքին, որ դատարանն էլ ականատես եղավ, թե ինչ ծանր վիճակում էր Հովհաննեսը՝ գամված անկողնում, ծանր վիճակում, սակայն մերժեց բողոքը, անգամ դատարանում նիստերի քարտուղարը ու մյուսներն էին հուզվել այդ վիճակից»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ Հովհաննեսի ոտքերի մեջ բեկորներ են, պայթունը տեղի է ունեցել նրա ոտքերի տակ: Փաստաբանը չի հասկանում՝ ինչով պետք է երիտասարդը խոչընդոտի նախաքննությանը, երբ ի վիճակի չէ շարժվել, խոսել ու նորմալ հաղորդակցվել:
Արդյոք մեղադրյալի նկատմամբ ճնշումներ ու բռնություններ եղե՞լ են իրավապահների կողմից, հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ ներազդեցություն չի եղել, սակայն դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ բուժում է ստանում Հովհաննես, պայմաններ գրեթե չկան. «Փոխարենը նրան տեղափոխեն Էրեբունու հիվանդանոց, այդ բժշկական կենտրոնից են բժիշկներ գալիս ու վիրակապում նրա վերքերը: Բացի այդ, դատապարտյալների հիվանդանոցի իր սենյակում անգամ սառնարան չկա, նա օգտվում է հարևան սենյակում տեղադրված սառնարանից»,- ասաց Արան:
Փաստաբանը չի պատրաստվում վճռաբեկ բողոք ներկայացնել, համոզված է՝ նույն որոշումը կայացնելու է նաև երրորդ ատյանը, փոխարենը նա նպատակադրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ դիմում ներկայացնել:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), ինչպես նաև 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Իրավաբան.net