Բժիշկներից ցուցմունքից հնարավոր չէր հասկանալ՝ ով է նրանց պատանդ վերցրել. փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Մուշեղ Շուշանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դատարանում նախաքննության մարմինը խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ ապացույց չէր ներկայացրել, որով դատարանին հնարավորություն կտար հետևության հանգել հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Ըստ նրա՝ սա վերաբերում է ինչպես խափանման միջոցի ընտրության, այնպես էլ պատանդ վերցնելու հանգամանքին. «Պատանդ վերցնելու կապակցությամբ ներկայացվել էին երեք բուժաշխատողների ցուցմունքները, որոնցում որևէ մեկի կոնկրետ գործողության նկարագրություն չկար, այդ ցուցմունքների հիման վրա հնարավոր չէր հանգել հետևության, որ կոնկրետ անձը զենքի կիրառմամբ պատանդ է վերցրել ու բուժաշխատողների զենքի սպառնալիքով պահել է: Այդ բուժաշխատողների ցուցմունքների հետ կապված այլ խնդիրներ կան, նրանք բոլորը հարցաքննվել են գիշերային ժամերին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ սա քրեադատավարական նորմերի խախտում է, նախաքննության մարմինը պետք է հիմնավորի, թե որն է այդ հարցաքննությունների անհետաձգելի պահանջը, ինչին նախաքննության մարմինը դատարանում ընդհանրապես չի անդրադարձել:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) առաջադրված մեղադրանքին, ապա փաստաբանը նշեց. «Մենք դատարանի ուշադրությունը հրավիրեցինք նաև հետևյալ հանգամանքի վրա, փաստ է, որ խմբի անդամները, ովքեր դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, նրանցից որևէ մեկի մոտ որևէ հրազեն կամ ռազմամթերք չի հայտնաբերվել: Եթե անգամ տղաները կրել են ռազմամթերք, ապա շեշտենք, որ նրանց մոտ ռազմամթերք չի եղել գնդի տարածքից դուրս գալու համար, ինչը քրեական պատասխանատվությունը բացառելու հանգամանք է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել