«Սասնա Ծռեր» խմբի անդամներին հուլիսի 26-ին սնունդ տանող Արթուր Սարգսյանը մեղադրվում է հուլիսի 17-ին տղաների հետ ՊՊԾ մտնելու և զենքով պատանդ պահելու մեջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա իրավունքների պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով հավելեց, որ Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն են առաջադրել ինչ մյուսներին:
«Ի՞նչ է ստացվում, եթե ինքը 17-ին մտել էր, նշանակում է, որ նաև դուրս է եկել, որպեսզի մի հատ էլ 26-ին մտնի: Մենք հեգնանքով հարց տվեցինք քննիչին, թե կարող է նա երկու մասով է մտել, քննիչն ասաց, որ այս պահին ապացույց չունի, որ նա ամսի 17-ին մտել է: Այդ դեպքում, եթե ապացույց չունի, ապա ինչո՞ւ է այդ մեղադրանքը դրել: Արթուր Սարգսյանը սնունդը տարել է 26-ին, եթե 17-ից այնտեղ է եղել, հետո մտել ու դուրս է եկել, ապա իրավապահ մարմիններն ու ԱԱԾ-ն ինչպե՞ս էին հսկում, որ նա մտավ, դուրս եկավ, հետո անվնաս սնունդ տարավ, գլուխկոտրուկ է»,- նշեց պարոն Պապիկյանը՝ հավելելով, որ քննիչը դատարանում իրեն քրեական վարույթ իրականացնող մարմնի աշխատակցին ոչ վայել է պահել. «Նա պարզապես ասում էր՝ «Ես չեմ պատասխանում ձեր հարցերին», դատարանն էլ նշեց, թե հրաժարվում է պատասխանել, մենք էլ ասում ենք՝ «Հո, մեղադրյալ չի ինքը, եկեք աթոռները փոխենք, հրաժարվի պատասխանել», թե չէ ստացվում է մանկապարտեզում ենք, նեղացել էր ու չէր ցանկանում խոսել: Մոտ երկու ժամ հարց ենք տվել ու ամբողջ ընթացքում ասել է, որ մեր հարցին չի պատասխանում: Մենք այդպես էլ չհասկացանք՝ նա 17 մտել է, թե՝ ոչ»,- փոխանցեց փաստաբանը:
Նա նշում է. «Քննիչները բավականին անշնորք են աշխատել, բոլոր անդամների մեղադրանքները «copy-paste» են արել: Սանկցիայի միջնորդություններում ոչ մի առանձնահատկություն չկար, միայն անունն էր փոխված ու ամսաթիվը»:
Իսկ ի՞նչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը, փաստաբանի խոսքերով բավարար է, գիշերը շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են նրան ցուցաբերել:
Արթուր Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Դատարանում որպես ամփոփիչ խոսք ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ հանցագործություն, ես ավել-սավոկը վերցրել էի ու այս աղբը ուզում էի մաքրել (քաղաքական բողոք է հայտնել)»»,- իր պաշտպանյալի խոսքերը փոխանցեց փաստաբանը:
Իրավաբան.net