Հայաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար՝ հակակոռուպցիոն պայքարում այս ֆորմատով աշխատելու համար

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության՝ ներկայիս հակակոռուպցիոն համագործակցության հարթակը լավագույն ֆորմատն է՝ Հայաստանում արդյունքների հասնելու համար, և հաջողություն ունենալու դեպքում այս փորձն ուսանելի կլինի այլ երկրների համար. այս մասին այսօր Վանաձորում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատու Ալեսանդրո Զանոտտան։

«Լուծումները դուք՝ ՀՀ մարմինները և քաղաքացիական հասարակությունը, պետք է գտնեք միասին` ոգեշնչվելով նորարարական և հզոր ՏՏ մոդելներից, որոնք օգտագործվում են եվրոպական երկրներում, ինչպես, օրինակ, Էստոնիայում: Սա է ճիշտ ֆորմատը։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար, եթե կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվի արդյունավետորեն և ցույց տա կոնկրետ արդյունքներ», – ասաց Ա․ Զանոտտան։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կարևորագույն նվաճումները, մասնավորապես, որ ներկայումս վարչապետի հանձնարարականով մշակվում են հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու և ապօրինի հարստացումը քրականացնելու վերաբերյալ օրինագծեր՝ հիմնված Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջարկությունների հիման վրա։

Կ․ Զադոյանը նշեց, որ նախատեսվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջիկա նիստի ժամանակ քննարկել նաև բիզնես, այդ թովւմ մաքսային և հարկային ոլորտում առկա կոռուպցիոն խնդիրները և ներկայացնել մեր կողմից Կառավարություն-Բիզնես-ՔՀԿ-ներ ֆորմատով քննարկումների ժամանակ հնչեցված առաջնահերթ կարևորության առաջարկությունները՝ ոլորտներում բարեփոխումներ սկսելու համար։

Նշենք, որ այսօր ամփոփվեցին «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագրի արդյունքները, որը իրականցվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում՝ փոքր դրամաշնորհային ենթածրագրով։

Ծրագրի շրջանակներում կատարված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ քաղաքացիների 75 տոկոսը համարում է, որ մաքսային ոլորտում բարեփոխումները պետք է ուղղված լինեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացրած սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ մեքենաների ներմուծման վերաբերյալ առաջնային խնդիր է մաքսազերծման տուրքը, մաքսազերծման համար ներկայացվող հայտարարագրի լրացման հետ կապված բարդությունները, քաշքշուքները։

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով, մաքսազերծման համար անհրաժեշտ հայտարարագրերը ինքնուրույն լրացնում են ներկրողների 5-15 տոկոսը, իսկ մնացած մասն օգտվում է մասնագիտացած մաքսային բրոքերների ծառայություններից։

Ծրագիրն իրականացնող «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը ներկայացրեց լրագրողական դիտարկումների, հարցախույզի և առցանց քննարկումների ամփոփիչ զեկույցը: Հիմնական խնդիրների թվում նա նշեց գործարքի գնի մեթոդով մեքենայի ինքնահայտարարագրման խոչընդոտներն ու առկա կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև քաղաքացիների թերիրազեկվածությունը մաքսային գործընթացների վերաբերյալ: Նա նաև նշեց, որ ներկայումս Մաքսային օրենսգիրքը վաճառվում է 20 000 դրամով, ինչը բավականին թանկ է, և հայտնի է նաև, որ ոչ բոլոր քաղաքացիները կարող են առցացն տարբերակով օգտվել օրենսգրքից։

Կա նաև խնդիր՝ կապված օրենսդրության մեջ ոչ հստակ սահմանումների հետ: Պետք է ձևակերպումները այնպիսին լինեն, որոնք լուսանցք չեն թողնի կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու համար։

ՊԵԿ-ի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը ներկայացրեց ոլորտում ներկայումս կատարվող բարեփոխումները, կարևորեց ՊԵԿ-ՔՀԿ-ներ կառուցողական համագործակցությունը ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրների վեր հանման և համատեղ աշխատանքային խմբերի միջոցով դրանք լուծուելու համար։

Ակտիվ քննարկման ընթացքում հնչեցին առաջարկություններ և հարցեր տրվեցին՝ շատերին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, հարց հնչեց մաքսազերծման վճարների վերաբերյալ։ Առաջարկություն հնչեց ներդնել էլեկտրոնային հաշվիչներ, որոնց միջոցով քաղաքացին կկարողանա հաշվարկել, թե կոնկրետ մակնիշի ավտոմեքենան ի՞նչ գնով կկարողանա մաքսազերծել։

Հանդիպման վերջում Ալեսանդրո Զանոտտան իր ամփոփիչ խոսքում մեկ անգամ ևս ընդգծեց բազմաթիվ հարթություններ ունեցող հակակոռուպցիոն պայքարի այս հարթակի կարևորությունը և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ և անկաշկանդ քննարկումների համար։

Իրավաբան.net